Սվիտալսկին հիշեցնում է նոր՝ «ավելին՝ ավելիի դիմաց» խաղի կանոնների մասին, իսկ ՀՀ իշխանությունները մերժում են դա․Ստ․ Սաֆարյան (տեսանյութ)

18:55 • 20.06.17

Ըստ «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանի՝ ՀՀ իշխանությունների արձագանքը ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի դիտարկմանը, թե պետք է վերանայել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը, ոչ միայն տգեղ է, այլ նաև ցույց է տալիս, որ ԿԸՀ կազմը ՀՀ իշխանությունների համար շատ ավելի կարևոր դեր ունի, քան Հայաստանի ժողովրդավարական ապագան:

«Ցույց է տալիս, որ ԿԸՀ կազմը, սկսած Տիգրան Մուկուչյանից, վերջացրած վերջին անդամով, շատ ավելի կարևոր է Հայաստանի իշխանությունների համար, քան բարեփոխումների շարունակականությունը և դրանց ամրապնդումը, ինչպես խոստացել էին Հայաստանի իշխանությունները»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարել էր, որ ԿԸՀ-ն պետք է դարձնել ավելի արժանահավատ, վստահություն վայելող կառույց՝ փոխելով կազմը: Հայտարարությանն արձագանքել էր ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ նշելով, որ դա երկրի ներքին խնդիրն է, և այդ հարցը Ազգային ժողովն է որոշում, իսկ Պյոտր Սվիտալսկին փորձ է անում միջամտել Հայաստանի ներքին քաղաքականությանը»:

Լրագրողների հետ զրույցում Պյոտր Սվիտալսկին, անդրադառնալով ՀՀ իշխանությունների դիտարկումներին, ասել էր․«Մենք երբեք չենք ձգտել ստիպել, և եթե մեր աջակցությունն այլևս ցանկալի չէ, մենք չենք ստիպի, պարտադրի մեր ներկայությունը: Մենք կարծում ենք, որ այն, ինչ մենք արել ենք Հայաստանի համար, դրական էր, և մեր աջակցության շնորհիվ էր, որ որոշակի բարելավումներ հնարավոր եղան»:

Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ ստեղծված իրավիճակը փորձություն է Հայաստանի իշխանությունների համար: Նա մատնանշեց, որ ժամանակին «Ընտրական օրենսգրքի» շուրջ համագործակցությունը ևս հարթ չի եղել միջազգային կառույցների և ՀՀ իշխանությունների միջև:

«Կողմերի մոտ կարծես թե ասելիքը բավականին եռում էր, և դեսպան Սվիտալսկու հայտարարությունն ընդամենը առիթը դարձավ այդ խորքային հարցերը ջրի երես հանելու համար»,- ասաց նա:

Ստեփան Սաֆարյանը նկատեց, որ հիմա մենք գործ ունենք երկու՝ հին և նոր մոտեցումների բախման հետ: «Հին մոտեցումն այն էր, որ Եվրամիությունը նախկինում աչքերը փակում էր, երբ տրամադրվում էին միջոցներ: Իշխանությունը, ռեֆորմների անվան տակ իրականացնում էր իմիտացիա: Կողմերը գիտեին, որ բարեփոխումները պահանջված էին, բայց ցանկալի չէին, սակայն աչք էին փակում դրա վրա: Այժմ Հայաստանի իշխանությունները կարծեք թե պարտադրում են Եվրամիությանն աշխատել հին մոտեցումների շրջանակում, որ տվեք փողը, տվեք օգնությունը և մեզ որևէ քննադատության մի ենթարկեք»,- ասաց նա:

Ըստ Ստյոպա Սաֆարյանի՝ հիմա Եվրամիությունն առաջնորդվում է հին մոտեցմամբ՝ «ավելին՝ ավելիի դիմաց»:

«Այն գործարկվել է Արևելյան գործընկերության շրջանակներում, իմաստը հետևյալն է՝ Հայաստանը կամ որևէ այլ Եվրամիությանը գործընկեր երկիր կստանա ավելին, եթե կատարի ավելի շատ տնային աշխատանք: Եվ այս կտրվածքով, դեսպան Սվիտալսկին ուղղակի հիշեցնում է նոր խաղի կանոնների մասին, և Հայաստանի իշխանությունները, կարծես թե մերժում են նոր խաղի կանոնները և պնդում են հին խաղի կանոնները»,- ասաց նա:


Մանրամասները տեսանյութում: