Ավստրալիան որոշում է կայացրել հետաձգել Սիրիայի տարածքում միջազգային կոալիցիայի կազմում իր օդային գործողությունը
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի կողմից Սիրիայի հյուսիսում սիրիական ռազմական ինքնաթիռի խոցումից հետո Ավստրալիան որոշում է կայացրել հետաձգել միջազգային կոալիցիայի կազմում իր օդային գործողությունը, փոխանցում է Sputnik-ի թուրքական ծառայությունը՝ հղում անելով Ավստրալիայի պաշտպանության նախարարության տարածած հայտարարությանը:
ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան իր հայտարարության մեջ սիրիական ինքնաթիռի խոցումը բացատրել էր այն հանգամանքով, որ սիրիական ինքնաթիռը ռմբակոծել է Ռաքքայում գտնվող ընդդիմադիր ուժերին:
Իր հերթին, սիրիական բանակի հրամանատարությունը հայտարարել է, որ Սու-22 ռազմական ինքնաթիռը գործել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ, իսկ միջազգային կոալիցիային Դամասկոսը մեղադրել է ահաբեկիչների հետ համաձայնեցված գործելու համար:
Նշենք, որ Սիրիայի հյուսիսում գտնվող Ռաքքայի ազատագրման գործողությունն իրականացվում է «Սիրիայի դեմոկրատական ուժեր» ընդդիմադիր խմբավորման և Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների կողմից, գործողությանն աջակցում են նաև ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերը:










