ՀՀ իշխանությունների կարծիքով՝ ընտրությունները լավ են կազմակերպվել և ցանկացած միտք, որը կարող է ստվերել այն, համարում են անընդունելի. Զուրաբյան (տեսանյութ)

20:04 • 21.06.17

Հայաստանի իշխանությունների և Հայաստանում Եվրամիության պատվիրակության դեսպան Պյոտր Սվիտալսկու միջև ծավալվող բանավեճը չի կարող դառնալ Հայաստան-Եվրամիություն հակասությունների առարկա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարել էր, թե ՀՀ ԿԸՀ-ն պետք է դարձնել արժանահավատ և հանրային վստահություն վայելող կառույց, ասել էր, որ ԿԸՀ կազմը պետք է փոխվի: Ինչից հետո ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել էր, որ դեսպանն, այսպիսով` միջամտում է Հայաստանի ներքին խնդիրներին: Իշխանությունների արձագանքին հետևեց Սվիտալսկու կոշտ արձագանքը: Դեսպանը շեշտել էր, որ եթե ԵՄ աջակցությունն այլևս ցանկալի չէ, իրենք չեն պարտադրի իրենց ներկայությունը:

«Եղել է Սվիտալսկու արտահայտած տեսակետը, որը շատ օրինաչափ է, բնականոն, որովհետև խոսվել է այն մասին, որ լավ կլինի, եթե ԿԸՀ նկատմամբ վստահությունը բարձրանա: Այստեղ որևէ բացասական բան չեմ տեսնում: Իսկ Հայաստանի իշխանությունների արձագանքը պայմանավորված էր նրանով, որ մարդիկ կարծում էին, թե լավ ընտրություններ են կազմակերպել ու ցանկացած միտք, որը իրենց կարծիքով կարող է ստվերել ընտրական պրոցեսը, համարում են անընդունելի: Սա իրենց իրավունքն է»,- ասաց Արարատ Զուրաբյանը:

Պատգամավորը կարծիք հայտնեց, որ դեսպանի դիտողությանը կարելի էր արձագանքել այլ կերպ, ասել, որ ընտրական պրոցեսի բարձրացումը ցանկացած պետություն, այդ թվում՝ Հայաստանը, հետապնդում են: Միաժամանակ նա նշեց, որ այստեղ «ինչ-որ մեծ երևույթ, հակասություն՝ Հայաստան-Եվրոպա հարաբերությունների համար» չի տեսնում:

«Եվրոպական միությունն ունի իր շահերը, Հայաստանն ունի իր ուրույն շահերը: Կարծում եմ, որ կողմերը ողջամիտ կլինեն: Պայմանագիրը նախաստորագրված է, վերջնական ընթացք կունենա, հակառակ պարագայում մենք կդադարենք լինել երկիր, որը ձգտում է դեպի լույս, դեպի ապագա»,- շեշտեց Արարատ Զուրաբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: