Ես պատրաստ եմ լինել վարչապետ, իսկ Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում առաջադրվել համոզողների թվում չկամ. Կարեն Կարապետյան

12:11 • 21.06.17

 

ԱԺ-ում ՀՀ կառավարության՝ 2017-2022 թթ.-ի ծրագրի քննարկմանը «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ցիտեց 2014 ապրիլի 10-ի Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, ըստ որի՝ այլևս չի առաջադրվի ՀՀ նախագահի պաշտոնի համար և եթե իր ցանկությանը չնպաստող ուղի ընտրվի խորհրդարանական կառավարման անցնելու հարցով, չի հավակնի նաև վարչապետի պաշտոնին:

«Այնպիսի տպավորություն է ԱԺ մեծամասնության ներկայացուցիչները սկսում են, այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանին համոզել, որ փոխի իր մտադրությունը և առաջադրվի վարչապետի պաշտոնում: Ուզում եմ հասկանալ «համոզողների» թվո՞ւմ եք, թե ոչ»,-ասաց նա՝ դիմելով վարչապետ Կարեն կարապետյանին, ապա հավելեց, թե կհամաձայնի՞, օրինակ, վարչապետը 2018-ին լինել փոխվարչապետ կամ Տարածքային նախարար կամ այլ նախարար:

«Գործընկերոջս հարցին պատասխանեցիք, թե բազմաթիվ անգամ պատասխանել եք, հիմա գուցե ինչ-որ բան բաց ենք թողել, նորից կրկնեք, ես գրի կառնեմ»,-ասաց նա:

Վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանեց, թե հարցը մի քիչ կոռեկտության դաշտի մեջ է: «Որպեսզի ճիշտ հասկացված լինի, ես չեմ կարող պնդել, հենց պնդում ես, դու միանգամից դառնում ես քննադատվող թիրախ: Ես պատրաստ եմ լինել վարչապետ, այս պատասխանը բավարար է»,-ասաց վարչապետը:

Ինչ վերաբերում է՝ համոզողների թվում կա, թե ոչ, պատասխանեց. «Չգիտեմ ինչ է ասել՝ համոզողներ կան, թե չկան, բայց ես համոզողների մեջ չկամ»:  

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ամեն դեպքում պատասխանն ընդունեց ի գիտություն: