Ադրբեջանի ՊՆ-ի կողմից որպես դիվերսանտ ներկայացվող անձը ՀՀ քաղաքացի է, մանկատանն է մեծացել. Վանաձորի քաղաքապետ

20:59 • 21.06.17

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հրապարակած տեսանյութում հարցերին պատասխանող անձը Հայաստանի քաղաքացի է։ Tert.am-ի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ասաց, որ այդ տղամարդը գրանցված է եղել Վանաձորի ծերանոցում՝ անձնագիր ստանալու համար:

Քաղաքապետը պատմեց, որ վերջինս բնակության կոնկրետ վայր չի ունեցել, բայց քաղաքում նրան տեսել են աղբ հավաքելիս:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեսանյութ էր հրապարակել, որտեղ պնդում էր, թե «հայ դիվերսանտ են» գերեվարել և որ հարցերին պատասխանողը ՀՀ քաղաքացի է՝ 1974 թ․ ծնված Զավեր Կարապետյանն է։

Մամիկոն Ասլանյանն ասաց, որ վերջինս տարօրինակ է իրեն պահել, հավանաբար, հոգեբանական խնդիրներ է ունեցել:

«Նա Վանաձորի հետ ծագումնաբական որևէ կապ չունի: Մանկատանն է մեծացել, հետո, չգիտես ինչպես, հայտնվել է այստեղ: Նա պարզապես գրանցված է եղել մեր ծերանոցում, որպեսզի անձնագիր ստանա: Որոշ ժամանակ տարբեր տեղերում քնել է, աղբ է հավաքել, տարօրինակ անձնավորություն էր... Տարբեր տեղեր քնել է, բնակության կոնկրետ վայր չուներ: Վերջին տարիներին իրենից տվյալներ չկան»,- ասաց Մ. Ասլանյանը: