Ամեն ինչ կանեմ, որ Թուրքիայի իշխանությունները չմիջամտեն Պոլսո պատրիարքի ընտրությունների անցկացմանը․ Կարո Փայլան

21:11 • 21.06.17

 

Թուրքիայի Մեջլիսի Ժողովրդադեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանի խոսքով՝ ինքը դեռ բավարարված չէ Պոլսո պատրիարքի ընտրությունների կազմակերպման գործընթացից, քանի որ Արամ Աթեշյանը դեռևս չի հրաժարվել պատրիարքի փոխանորդի իր աթոռից, որպեսզի պատրիարքի ընտրությունների կազմակերպման գործընթացն սկսվի: Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ դեռ սպասում է դրան, հիմա կասկածում է, որ Արամ Աթեշյանը փորձում է իրավիճակից օգուտներ քաղել:

«Կան մի քանի թեկնածուներ, բնական թեկնածուների թիվը մոտ հինգն է: Նրանցից մեկը Հայաստանից է՝ Սեպուհ Չուլջյանը:  Մենք պետք է դեռ սպասենք, թե այդ բնական թեկնածուներից որոնք կառաջադրվեն ընտրություններին, հետո արդեն կտեսնենք, թե նրանք ինչ են առաջարկում համայնքին: Ըստ այդմ` ես կմտածեմ, թե ում եմ աջակցելու»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ 2017թ.-ի փետրվարին Էջմիածնում կայացված որոշման համաձայն՝ մարտի 15-ին Ստամբուլում տեղի ունեցավ Պոլսո Հայոց պատրիարքի նոր տեղապահի ընտրություն: Ընտրությունից հետո, որում համոզիչ հաղթանակ էր տարել Արամ Աթեշյանի հակառակորդ Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, Ստամբուլի նահանգապետարանն անակնկալ կերպով միջամտել էր ընտրություններին: Ստամբուլի նահանգապետի տեղակալը նախքան պատրիարքարանում ընտրությունների սկսվելը գրություն էր ուղարկել, որով իրավաբանորեն անհնար էր համարում պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկը: Այս գրությունը Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններից անմիջապես հետո պատրիարքարանի հոգևորականներին էր ներկայացրել տեղապահի ընտրություններում պարտված փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և հայտարարել, որ չի հեռանա տեղապահի պաշտոնից: 

Դրանից հետո Ստամբուլի հայ համայնքը վերջին ամիսներին ամենատարբեր միջոցներով բոյկոտել է Աթեշյանի մատուցած պատարագներն ու ելույթները, կազմակերպել ստորագրահավաքներ՝ պահանջելով Աթեշյանի հրաժարականը: 

Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը մայիսի 25-ին հայտնել է, որ պատրաստվում է հրաժարական տալ, ինչից հետո արքեպիսկոպոս Բեքչյանը, վերադառնալով Ստամբուլ, պաշտոնապես ստանձնել էր պատրիարքի տեղապահի պարտականությունները: 

Կարո Փայլանի խոսքով՝ Պոլսո պատրիարքը պետք է կարողանա ներկայացնել Թուրքիայի հայ համայնքն ամբողջ աշխարհին: «Ես կարծում եմ, որ Արամ Աթեշյանը դա չի արել վերջին տարիների ընթացքում»,- ասաց նա:

Կարո Փայլանը հավանական համարեց, որ Արամ Աթեշյանը՝ որպես պատրիարքի թեկնածու, մասնակցի ընտրություններին, սակայն նշեց, որ նա ունի 0 հնարավորություն ընտրություններում հաղթելու համար: «Նա այնքան սխալներ է արել, որ համայնքում ոչ ոք չի ցանկանա նրան սատարել: Նա շարունակում է այդ «աթոռին նստել», քանի որ շատ լավ հասկանում է, որ ընտրություններում նա ոչ մի հնարավորություն չունի հաղթելու»,- ասաց նա:

Փայլանի խոսքով՝ այլ երկրներից հնարավոր թեկնածուները, օրինակ՝ Գերմանիայից Գարեգին Բեքչյանը, Հայաստանից Սեպուհ Չուլջյանը, կարող են աշխատել Թուրքիայում: «Ինչպես ասացի, նրանք պարզապես պետք է աշխարհին ներկայացնեն Թուրքիայում ապրող հայերին: Նրանք պետք է պարզապես ընդունեն ընտրություններին մասնակցության առաջարկը, գան այստեղ, զբաղվեն այստեղի հասարակական և մշակութային խնդիրներով»,- ասաց նա:

Ստամբուլահայ պատգամավորը նշեց, որ ինքը պատրաստվում է առաջիկայում, երբ պաշտոնապես հայտնի դառնան թեկնածուների անուններն ու ներկայացվեն նրանց ծրագրերը, սատարել թեկնածուներից որևէ մեկին: «Ես աջակցել եմ Գարեգին Բեքչյանին, աջակցել եմ Սահակ Մաշալյանին, և ես սպասելու եմ թեկնածուների առաջարկներին, որ որոշեմ, թե ում կողքն եմ կանգնելու: Ես անպայման իմ ազդեցությունն օգտագործելու եմ Պոլսո պատրիարքի ընտրությունների ընթացքում»,- ասաց նա:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ Թուրքիայի իշխանությունները միջամտեն ընտրությունների անցկացմանը, նա պատասխանեց, որ նրանք միշտ էլ, հիմա էլ միջամտում են համայնքում տեղի ունեցող գործընթացներին: «Թուրքիան էր նշանակել Արամ Աթեշյանին՝ որպես պատրիարքի փոխանորդ, բայց մենք դա չէինք ուզում: Նրանք ամեն ինչ կանեն, որ ազդեն պատրիարքի ընտրությունների անցկացման վրա: Ամեն դեպքում, կարող եմ ասել, որ անձամբ ես ամեն ինչ կանեմ, որ թույլ չտամ, որ Թուրքիայի իշխանությունները միջամտեն ընտրությունների անցկացմանը»,- ասաց նա: