Բրյուսելի կայարանում սպանված ահաբեկչի մոտ հզոր ռումբ է եղել. ուժեղացվել է քաղաքի կայարաններում անվտանգությունը

12:10 • 21.06.17

Բրյուսելի կենտրոնական կայարանում զինվորականների կողմից երեկ սպանված ահաբեկչի մոտ հզոր պայթուցիկ սարք է եղել, բայց նա այն գործի չի դրել: Այդ մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Յան Յամբոնը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:


Երեքշաբթի երեկոյան զինվորականները Բրյուսելի կենտրոնական կայարանում սպանել են փոքր պայթյուն իրականացրած տղամարդու: Վիրավորներ չկան: Դաշնային դատախազությունը տեղի ունեցածը բնորոշել է որպես ահաբեկչություն:


Նախարարը նշել է, որ տղամարդու մոտ պայթուցիկ է եղել, «որը փոքր ինքնաշեն ռումբ չէր»: Նա հավելել է, որ «հաջողվել է խուսափել վատթարագույնից»:


Derniere Heure թերթը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել է, որ տղամարդն ապրել է Մոլենբեկ թաղամասում, որտեղ ապրում էին Փարիզում և Բրյուսելում ավելի վաղ իրականացված ահաբեկչությունների կազմակերպիչները և նրանց հանցակիցները:


Բելգիայի կառավարությանը կից գործող ճգնաժամային կենտրոնը հայտնել է, որ երկրի իշխանությունները որոշել են ուժեղացնել Բրյուսելի կայարաններում և մետրոյում անվտանգությունը։