Ֆիլիպիններում ԻՊ-ի հետ կապված ծայրահեղականները հարձակում են գործել դպրոցի վրա ու պատանդներ վերցրել

09:28 • 21.06.17

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունեցող զինյալները Ֆիլիպինների հարավում հարձակում են կազմակերպել տեղի դպրոցներից մեկի վրա, հայտնում է բրիտանական Reuters գործակալությունը:

Զոհերի կամ տուժածների մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում, սակայն հայտնի է, որ գրոհայինները պատանդ են վերցրել մի խումբ աշակերտների:

Նշենք, որ այս տարվա մայիսին Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն ռազմական դրություն էր սահմանել Մինդանաո նահանգում, երբ բանակը բախումներ ունեցավ ԻՊ-ին աջակցող ծայրահեղական խմբավորումներից մեկի հետ:

Բախումների թեժ կետը շարունակում է մնալ Մարավի քաղաքը, երեքշաբթի զինվորականները սկսել են նոր գրոհ ծայրահեղականների դեմ: 

Շուրջ 4 շաբաթ շարունակվող բախումների ընթացքում, ըստ պաշտոնական տվյալների, ոչնչացվել է 257 զինյալ, մահացել է 62 զինծառայող և 26 խաղաղ բնակիչ: