Հայկական կողմի դիվերսիոն ներթափանցման փորձի և հայ զինծառայողի գերեվարման լուրը Ադրբեջանի ՊՆ հերթական ապատեղեկատվությունն է. ԱՀ ՊԲ
Միանշանակ ապատեղեկատվություն է ադրբեջանական լրատվամիջոցի այն տեղեկատվությունը, որ հունիսի 20-ին հայկական կողմը դիվերսիա է իրականացրել: Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Հայկական կողմը որևէ դիվերսիա չի իրականացրել, և դա Ադրբեջանի հերթական ֆանտազիան է»,-ասաց նա։
Նշենք, որ «ԱՊԱ» գործակալությունը տեղեկատվություն է տարածել այն մասին, որ հունիսի 20-ին հայ-ադրբեջանական շփման գծում Հայաստանի Զինված ուժերի դիվերսիոն մի խմբավորում փորձել է անցնել Ադրբեջանի ԶՈւ պաշտպանական գիծը, «սակայն ժամանակին ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայկական կողմը հետ է քաշվել՝ տալով կորուստներ, և հայկական կողմից կա գերի»:
Ադրբեջանական լրատվամիջոցը այս լուրը տարածել էր՝ հղում անելով Ադրբեջանի Պաշտպանության նախարարության կայքին:
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանն էլ Tert.am-ին հայտնեց, որ դա ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունն է:
ԱՀ ՊԲ՝ ավելի ուշ տարածած հաղորդագրության մեջ էլ նշվում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը, թե իբր կանխվել է դիվերսիոն ներթափանցման փորձ և գերեվարվել մեկ հայ զինծառայող, հերթական ապատեղեկատվություն է:
«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ պաշտպանության բանակը նման բնույթի գործողություն չի իրականացրել: Ավելին, երբ հակառակորդին սանձելու համար իրականացվում են պատժիչ գործողություններ, դրանց հետևանքների ցավոտ լինելը իրենց երկար սպասեցնել չեն տալիս: Պարզապես նմանաբովանդակ հաղորդագրություն տարածելով, հակառակորդի զինուժը հերթական «հաղթանակն» է արձանագրել վիրտուալ տիրույթում և փորձել ցանկալին ներկայացնել իրականության փոխարեն»,-ասվում է հաղորդագրությունում:










