ԱԺ է ներկայացվել ՀՀ կառավարության 2017-2022 թթ. ծրագիրը. ԱԺ նիստը՝ ուղիղ

10:06 • 21.06.17

Ազգային ժողովն այսօր հրավիրված նիստին քննարկում է ՀՀ կառավարության 2017-2022 թթ. ծրագիրը:

ՀՀ կառավարության 2017-2022 թթ. Հայաստանի կայուն զարգացումը երաշխավորող գործունեության ծրագիրն արդեն իսկ ներկայացվել է ՀՀ կառավարության արտահերթ նիստին։ Ծրագիրը հենվում է ՀՀ Նախագահի ուղերձի, Հայաստանի Հանրապետական Կուսակցության և «Հայ Յեղափոխական Դաշնակցության» նախընտրական ծրագրերի և կոալիցիոն հուշագրի սկզբունքների, ինչպես նաև լայն հասարակությունում շրջանառվող առաջադեմ գաղափարների վրա: Նշվում է, որ ծրագրի կենտրոնում ՀՀ քաղաքացին է, իսկ հաջողության գրավականը՝ ՀՀ քաղաքացիների նախաձեռնողական և ակտիվ մասնակցությունն առաջարկվող բարեփոխումներին:

ՀՀ կառավարության ծրագրի տեսլականը հիմնված է անվտանգ, արդար, ազատ և խելացի Հայաստան ունենալու սկզբունքի վրա։

Նշենք, որ կառավարությունն իր կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում Ազգային ժողով պետք է ներկայացնի իր ծրագիրը։ Ազգային ժողովի կողմից կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը քննարկվում է արտահերթ` ծրագիրն ստանալուց հետո 48 ժամվա ընթացքում և քվեարկության դրվում այն ներկայացվելուց հետո՝ հնգօրյա ժամկետում: 

Կառավարության ծրագիրը ներկայացնելու համար վարչապետին տրվում է մինչև մեկ ժամ: Ներկայացված ծրագրի վերաբերյալ վարչապետին տրվում են հարցեր, որից հետո տեղի է ունենում մտքերի փոխանակություն՝ պատգամավորների և խմբակցությունների ներկայացուցիչների ելույթներ: Մտքերի փոխանակությունից հետո վարչապետը կարող է հանդես գալ մինչև մեկ ժամ տևողությամբ եզրափակիչ ելույթով:

Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին որոշումն ընդունվում է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: