Հրվ. Կորեայի նախագահը Կիմ Չեն Ընին «շատ վտանգավոր մարդ» է անվանել և ցանկանում է մինչև տարեվերջ հանդիպել նրան

09:55 • 21.06.17

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը The Washington Post պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը «շատ վտանգավոր մարդ» է:

«Նա խելամիտ առաջնորդ չէ ու շատ վտանգավոր մարդ է: Սակայն նա այն մարդն է, որն իշխում է Հյուսիսային Կորեայում և ունի այդ երկրի ապամիջուկայնացման համար անհրաժեշտ լիազորությունները»,-նշել է հարավկորեացի ղեկավարը:

Մուն Չժե Ինը նշել է, որ ինքն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ունեն ընդհանուր նպատակ՝ Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի ամբողջական սառեցում, ինչպես նաև Կորեական թերակղզու ապամիջուկայնացում:

Մինչդեռ ria.ru-ն հավելում է, որ Մուն Չժե Ինը հույս է հայտնել, որ բարենպաստ պայմանների դեպքում կարող է  մինչև տարեվերջ հանդիպել Կիմ Չեն Ընին:

Աղբյուրը մանրամասնում է, որ Հյուսիսային և Հարավային Կորեաների ղեկավարները հանդիպել են 2 անգամ՝ 2000 և 2007թթ.: Այն ժամանակ Հյուսիսային Կորեայի ղեկավարը Կիմ Չեն Ընի հայրն էր՝ Կիմ Չեն Իրը: