ՀԱՊԿ-ում ՄԱԿ-ի առաջարկով խաղաղապահ ոստիկանության հատուկ ստորաբաժանում կստեղծվի
ՄԱԿ-ի առաջարկով Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) աշխատանք է տանում մշտական պատրաստության խաղաղապահ ոստիկանության հատուկ ստորաբաժանման ստեղծման ուղղությամբ, որը մասնակցելու է խաղաղության պահպանմանն ուղղված գործողություններին: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:
«Այժմ մենք ՄԱԿ-ի առաջարկով և խնդրանքով ստեղծում ենք մշտական պատրաստության հատուկ ոստիկանական ստորաբաժանում, որը կարող է մասնակցել ՄԱԿ-ի առաքելություններում խաղաղության պահպանմանն ուղղված գործողություններին»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Նա նշել է, որ այդ ստորաբաժանումների անդամներին հավաքելու են բոլոր պետությունների իրավապահ մարմինների ներկայացուցիչներից:
Սեմերիկովը հիշեցրել է, որ ՄԱԿ-ը ՀԱՊԿ-ի խաղաղապահներին իրենց ստանդարտներին համապատասխան է ճանաչել, և հաստատել է, որ նրանք կարող են մասնակցել երրորդ երկրների տարածքում խաղաղության պահպանմանն ուղղված գործողություններին:










