Էլիզաբեթ II-ի ամուսնուն հոսպիտալացրել են վարակիչ հիվանդության պատճառով

18:52 • 21.06.17

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդի ամուսինը` Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպը, անվտանգության նկատառումներից ելնելով հոսպիտալացվել է վարակիչ հիվանդության պատճառով:

Ինչպես տեղեկացնում է BBC-ն, Բուքինգհեմյան պալատի հաղորդագրության մեջ ասվում է, որ Էդինբուրգի դուքսը երեքշաբթի երեկոյան տեղափոխվել է Էդուարդ VII արքայի անվան հիվանդանոց` վիրուսի բուժման նպատակով: Բուքինգհեմյան պալատում նշել են նաև, որ արքայազն Ֆիլիպը լավ տրամադրություն ունի:

Հունիսի 10-ին Էդինբուրգի դուքսը դարձել է 96 տարեկան: Մայիսին հայտնի էր դարձել, որ արքայազն Ֆիլիպը կհեռանա գործերից և այլևս չի կատարի արարողակարգային պարտականությունները:

Նշվում է, որ անցյալ տարվա ընթացքում արքայազն Ֆիլիպը 110 օր է անցկացրել` մասնակցելով պաշտոնական միջոցառումներին և դարձել է զբաղվածության առումով 5-րդ անձը թագավորական ընտանիքում:

Նոյեմբերին Էլիզաբեթ Երկրորդն ու Էդինբուրգի դուքսը նշելու են ամուսնության 70-ամյակը: