Ստամբուլում տղամարդը ծեծի է ենթարկել ավտոբուս նստած անծանոթ աղջկան, ում հագուկապը նրան դուր չի եկել (տեսանյութ)

15:22 • 21.06.17

Ստամբուլի Փենդիք շրջանում քաղաքային ավտոբուսում տղամարդը հարձակվել է անծանոթ աղջկա վրա, ում հագուկապը նրան դուր չի եկել:

Ինչպես գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը, աղջիկը քաղաքային տրանսպորտում ծեծի է ենթարկվել կարճ շորտ կրելու պատճառով, դեպքն արձանագրվել է ավտոբուսում առկա տեսախցիկներով:

Կարճ ժամանակ անց ձերբակալված տղամարդը հայտնել է, որ երիտասարդ աղջկա հագուկապը նրան դուր չի եկել: Ըստ նրա՝ մահմեդական երկրում, այն էլ՝ Ռամադանի ամսում, նման հագուկապն ամոթալի է, և նա որոշել է «դաս տալ» անծանոթ աղջկան:

Առաջին ցուցմունքից հետո տղամարդը ստորագրությամբ բաց է թողնվել, սակայն ավելի ուշ նրա ձերբակալման վերաբերյալ նոր օրդեր է ստորագրվել, և այժմ նա ստիպված կլինի կանգնել դատարանի առաջ:

Նշենք, որ Թուրքիայում կրոնական հավատալիքների հետ կապված դրսևորումները, օրինակ՝ Ռամադանի պահքը պահելը, գլխաշոր կրելը և Ղուրանի այլ պատգամներ, ամրագրված չեն երկրի սահմանադրությամբ և պարտադիր բնույթ չեն կրում: