Լրագրողների դեմ բռնություններն առերևույթ կատարված իրավախախտումներ են, դրանք պետք է արագ բացահայտվեին. Արա Ղազարյան
Լրագրողների դեմ բռնություններն առերևույթ կատարված գործողություններ են, և դրանց բացահայտումը պետք է շատ արագ արվեր: «Էլեկտրիկ Երևան»-ից երկու տարի է անցել, դա ավելին է, քան ողջամիտ ժամկետը, հետևաբար, այդ գործերով քննությունն արդյունավետ չէ:
Այս մասին այսօր «Լրագրողների անվտանգությունն ու մասնագիտական գործունեության խոչընդոտները. հայաստանյան զարգացումներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց փաստաբան Արա Ղազարյանը:
««Էլեկտրիկ Երևանից» երկու տարի է անցել: Իմ փորձից ելնելով ասեմ, որ քրեական գործեր հարուցված են, քննություն է կատարվում, բայց արդեն երկու տարի է անցել, որն ավելին է, քան ողջամիտ ժամկետը, որ քննությունն արդյունավետ չէ: Դրանք դեպքեր են, որոնք կատարվել են ոչ թե որևէ անձի մասնավոր տարածքում, այլ ի տես ողջ հանրության, այն էլ՝ լրագրողների ներգրավմամբ: Դա նշանակում է, որ այդ դեպքերը ֆիքսվել են: Այսինքն՝ դրանք առերևույթ կատարված իրավախախտումներ են և պետք է, որ դրանց բացահայտումը շատ արագ կատարվեր»,- ասաց Արա Ղազարյանը:
Նրա խոսքով՝ երկու տարվա ընթացքում կա չորս դատական ակտ, 15-ից ավելի գործեր, որոնք նախաքննության փուլում են, և այդ ընթացքում մեկ կամ երկու քննչական գործողություն է կատարվել, այն էլ՝ միայն տուժողի հարցաքննություն:
«Դա, բնականաբար, բավարար չէ: Գալիս է այն պահը, որ երկու տարվա ձգձգումը հատում է այն ողջամտության սահմանը, որը, որպես կանոն, պահանջում է քննությունը: Նշանակում է՝ մենք արդեն մեր հայացքը պետք ուղղենք միջազգային ատյաններին»:
Հարցին՝ միտում կա՞, որ նման գործերին նման ընթացք է տրվում, Արա Ղազարյանը պատասխանեց, որ եթե մեկ կամ հինգ, վեց գործ լինեին, կասեր, որ միտում չէ, սակայն եթե կա երկու տասնյակ գործ, ապա տարբերակված մոտեցում է ցուցաբերվում. «Քննությունը դանդաղ է իրականացվում, որովհետև դա վերաբերում է լրագրողներին»:










