Ապրիլին ադրբեջանական բանակն իր գերագույն գլխավորի հրամանատարի հրամանը չի կատարել, հետևաբար՝ մարտունակ չէ. Արամ Զ. Սարգսյան

21:38 • 22.06.17

 

Հայաստանի և Ադրբեջանի դիրքերը վերջին շրջանում միմյանց հետ չեն հավասարեցվում: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Զ. Սարգսյանը՝ հիշեցնելով, որ ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբը հասցեական հայտարարություն արեց:

Վերջինս նշեց, որ ԵԱՀԿ ՄԽ վերջին հայտարարության մեջ էլ դիվանագիտական ենթատեքստում սահմանային սրացումների համար մեղադրվում էր Ադրբեջանը:

«Սա Ադրբեջանի իշխանությունների անհեթեթ աշխատանքի արդյունքն է: Ապրիլյան և դրան հաջորդող դեպքերով Ադրբեջանն ուզում էր աշխարհի ուշադրությունը սևեռել դրա վրա, ասել, որ մենք չենք կանգնելու, որ մենք կարող ենք կանգնել, խնդրեք մեզ, որ կանգնենք, հակառակ դեպքում՝ Սևանն էլ, Երևանն էլ վերցնելու ենք: Ադրբեջանն ուզում էր խնդիրը լուծել «տարածքներ՝ խաղաղության դիմաց» սկզբունքով, բայց այս տարբերակը չաշխատեց»,- նշեց Արամ Զ. Սարգսյանը:

Պատգամավորի խոսքով՝ ապրիլյան իրադարձությունների ժամանակ հրամանը, որը տվել էր հակառակորդին Ադրբեջանի գերագույն գլխավոր հրամանատարը, մեկ գյուղ գրավելը չէր, հակառակ դեպքում նրանք սահմանային ողջ երկայնքով գործողություններ չէին ծավալի, իսկ սա նշանակում է, որ «ադրբեջանական բանակն իր գերագույն գլխավոր հրամանատարի հրամանը չի կատարել, հետևաբար՝ մարտունակ չէ»:

Սարգսյանը նկատեց, որ ՄԽ անդամ երեք երկրները, աշխարհը պատերազմ չեն ուզում, որովհետև «եղած պատերազմները բավարար են իրար միս ուտելու համար»:

«Այն մարդը, ով անընդհատ խոսում է պատերազմից, հակառակորդ երկրի մայրաքաղաքը գրավելուց, չի կարող աջակցություն ստանալ միջազգային հանրության կողմից, համաշխարհային խաղացողներից»,- շեշտեց Արամ Սարգսյանը:

Իսկ սահմանային միջադեպերը, ըստ ընդդիմադիր պատգամավորի, պայմանավորված են իշխանությունը պահելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ձգտմամբ, այդ երկրում տիրող անառողջ մթնոլորտով:

«Տնտեսական իրավիճակից սկսած մինչև կլանային փոխհարաբերություններ այդ երկրում դժվարություններ կան: Դա անհամեմատ ավելի բռնատիրական երկիր է, այդ երկրում խոսողին կալանավորում են, այդ երկրում արդեն բանկեր են փակվում... Ադրբեջանի իշխանությունները անընդհատ հայտարարել են, որ կգրավեն Երևանը ու պատասխան ունեն տալու, թե ինչու չեն գրավել այն, երբ այդքան գումար են ներդնում բանակի վրա»,- շեշտեց Արամ Սարգսյանը:

Իսկ հայաստանյան որոշակի շրջանակների պատգամավորը կոչ արեց «Ղարաբաղը չդարձնել մեր դժբախտությունների պատճառ»: «Մարդիկ քիչ չեն, որոնց խոսակցության թեման միայն դա է, որ երկրի ցանկացած խոսակցություն, խնդիր, տանում կապում են դրան: Ղարաբաղը մեր հաղթանակների, հպարտության պատճառն է: Իսկ ում համար սա դժբախտություն է, իրենց հոգեբանության խնդիրն է»,- նշեց Սարգսյանը:

Հարցին՝ արդյոք հայկական կողմը ձեռնարկո՞ւմ է հնարավորը, որ բանակցությունները փակուղուց դուրս գան, բացի պահանջներից, որոնք ուղված են միջազգային հանրությանը՝ հռետորաբանության մեջ ավելի հասցեական լինելու համար, Ա. Սարգսյանը պատասխանեց. «Ասել, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, համար մեկ բանակցողը՝ նախագահը, ամեն ինչ արել են Հայաստանի դիրքերի ամրապնդման համար ես չեմ կարող, որովհետև եղել են բազմաթիվ թերություններ: Բայց կա այն, ինչ կա: Միջազգային հանրությունից պահանջելն էլ ինչ-որ բան անել է: Դեպքեր կան, երբ միջազգային հանրության արագ արձագանքը շատ կարևոր է, թե չէ քնում-արթնանում են լղոզված, ոչինչ չասող մի հայտարարություն են անում»: