Հայ զինվորների սպանությունը Ադրբեջանի համար դարձել է դիվանագիտական հզոր մեխանիզմ. Մանվել Սարգսյան (տեսանյութ)

22:41 • 22.06.17

 

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը համաշխարհային խնդիր է դարձել: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Մանվել Սարգսյանը՝ խոսելով ԱՄՆ պետդեպի հայտարարության մասին, ովքեր հայտնել էին իրենց մտահոգությունը տարածաշրջանում տիրող վիճակի կապակցությամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին երկու կոչերի և ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովի մեկնաբանության մասին, որ ԼՂ հիմնահարցը Ռուսաստանի քաղաքական օրակարգում է:

«Ցանկացած միջադեպ այդ տարածքում ամենաբարձր մակարդակով արձագանք է գտնում: Սա ցույց է տալիս, որ բոլորը զգոն են»,- ասաց Մանվել Սարգսյանը:

Ըստ նրա՝ արագ արձագանքի պատճառն այն չէ, որ իրավիճակը տանում է դեպի լայնածավալ պատերազմ: Քաղաքագետն ասաց, որ անգամ մի քանի զինվորի զոհը միջազգային արձագանքի առարկա է դառնում, ինչը միանշանակ հակամարտության կարգավորման օգտին է խոսում:

Մ. Սարգսյանը շեշտեց, որ մոտեցումը, որը որդեգրել է ՀՀ դիվանագիտությունը՝ ամեն կերպ դիմել միջազգային հանրությանը, պարտադրել՝ հատուկ վերաբերմունք ցուցաբերել ԼՂ հակամարտության նկատմամբ, նմանվել է «մանկապարտեզային վիճակի»: Նրա խոսքով՝ սա ցույց է տալիս դիվանագիտության սնանկությունը, ցույց է տալիս, որ «չկա ասելիք, չկա անելիք»:

«Այս իրավիճակը, որը ստեղծվել է՝ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն, փայլուն պայմաններ է ստեղծել Ադրբեջանի համար, որ անընդհատ սպանություններով զբաղվեն, հայ զինվորների սպանությունը դարձրել են դիվանագիտական հզոր մեխանիզմ: Ադրբեջանը 25 տարվա մեջ հազար անգամ ներկայացրել է իր դիրքորոշումը: Այս անգամ էլ ներկայացրել է իր դիրքորոշումը:

Հիմա ձեզ դրեք Մինսկի խմբի տեղը. պատկերացրեք, որ գնում եք Ադրբեջան, որտեղ Ձեզ նույն բանն են ասում, որ հայկական կողմը իրենց տարածքներից պետք է դուրս գա, հակառակ դեպքում՝ ռազմական ճանապարհով կվերականգնեն երկրի տարածքային ամբողջականությունը: Եվ ի՞նչ պետք է ասի Մինսկի խումբը՝ ոչ մի բան, վեր են կենալու գնան տուն: Սպանությունների քաղաքականությունը այդտեղից է գալիս, որ Ադրբեջանն ի վիճակի չէ հարձակողական քաղաքականություն վարել, ի վիճակի չէ պատերազմ սկսել, որովհետև չունի միջազգային հանրության թույլտվությունը: Դրա համար անընդհատ կրակում են, զինվորներ են սպանում»,- ընդգծեց Մանվել Սարգսյանը:

Վերջինս շեշտեց, որ հայ զինվորներին փրկելու համար պետք է հայկական կողմը նախաձեռնի իրավիճակի փոփոխություն, որովհետև մնացածը «թքած ունեն» սպանությունների ռազմավարության վրա:

Սարգսյանը շեշտեց, որ հայկական կողմը Մինսկի խմբի առաջ պետք է դնի մեկ հարց՝ փոխել Ադրբեջանի քաղաքականությունը, դադարեցնել սպանությունների ռազմավարությունը:

«Ադրբեջանը որ կարողանար՝ կկռվեր: Բայց մենք այն երկրները չենք, որ կարողանանք պատերազմ սկսել: Պատերազմ սկսելը հեշտ է, բայց ավարտելն է դժվար: Մի իրավիճակ է, որը կարելի է փոխել, եթե փոխենք մեր վերաբերմունքը, գնահատականները»,- ավելացրեց Մանվել Սարգսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: