Երևակայական «հաջողություններ» հորինելն Ադրբեջանի համար կենսաձև է դարձել. Սենոր Հասրաթյանը՝ հայկական անօդաչուի խոցման լուրի մասին

13:03 • 22.06.17

 

Հարևան կոչված երկրի ռազմաքաղաքական ճամբարում երևակայական «հաջողություններ» հորինելն ու դրանցով ոգևորվելը դարձել է կենսաձև: Այս մասին իր ֆեսյբուքյան էջում կատարած գրառման մեջ նշել է Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը՝ անդրադառնալով հայկական անօդաչու թռչող սարք խոցելու մասին Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության կողմից այսօր տարածված հերթական ապատեղեկատվությանը:


Հասրաթյանը, մասնավորապես, գրել է.


«Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունն այսօր առավոտյան տարածեց հերթական ապատեղեկատվությունը հայկական անօդաչու թռչող սարք խոցելու մասին, իսկ այնուհետև «թևեր տալով» սեփական հորինվածքին, զարգացրեց այն՝ հայտարարելով, թե «պատասխան հարվածը լինելու է կործանիչ»:


Նման դատարկ ու միապաղաղ հնչեղությամբ հայտարարություններից ստացվող տպավորությունը մեկն է՝ հարևան կոչված երկրի ռազմաքաղաքական ճամբարում երևակայական «հաջողություններ» հորինելն ու դրանցով ոգևորվելը դարձել է կենսաձև: Հետևություն. ընդունել ըմբռնումով և չխաբվել»: