Եթե Իրաքի քրդերի անկախության հանրաքվեն խոչընդոտվի՝ դա կդառնա նոր արյունալի պատերազմի պատճառ. Բարզանի
Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանին ֆրանսիական France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ եթե իրաքցի քրդերի անկախության վերաբերյալ հանրաքվեն խոչընդոտվի՝ դա կդառնա նոր արյունալի պատերազմի պատճառ:
Բարզանին պնդել է, որ քրդերն այլևս չեն կարող սպասել տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ու խաղաղությանը, քանի որ հարմար պահի սպասելով՝ այդ հանրաքվեն կարող է անվերջ հետաձգվել:
«Այս որոշումն այլևս անդառնալի է, սեպտեմբերի 25-ին նախատեսված հանրաքվեն կայանալու է», - ասել է Բարզանին:
Ավելի վաղ Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին, պատասխանելով Մասուդ Բարզանիի հայտարարությանը, հիշեցրել է քրդերին, որ նման բաժանման համար նրանք ոչ այնքան բարենպաստ տարածաշրջանում են ապրում:
Իսկ ահա Թուրքիայի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ Անկարան Իրաքյան Քուրդիստանի սպասվող հանրաքվեն սարսափելի սխալ է որակել:
Նշենք, որ իրաքցի քրդերը հանրաքվեի կգնան այս տարվա սեպտեմբերի 25-ին: Դրանից հետո նախատեսվում է խորհրդարանական ընտրություններ կազմակերպել նոյեմբերի 6-ին:










