Չեխիայի դեսպանը որևէ կապ չի տեսնում Պյոտր Սվիտալսկիի հայտարարության և Հայաստանի ներքին գործերի միջև

15:17 • 22.06.17

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի՝ Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ արված հայտարարությունը Հայաստանի ներքին գործերի հետ կապ չունի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Միկիսկան:

«Պարոն Սվիտալսկիին աջակցում են ԵՄ անդամ պետությունները: Չեխիան նույնպես ֆինանսապես աջակցել է ընտրական գործընթացում դիտորդական առաքելության անցկացմանը, իհարկե, ավելի նվազ գումարով, քան ԵՄ-ն՝ ընդհանուր: Կարծում եմ՝ մի քանի հայ պաշտոնյաների արձագանքները մի փոքր չափազանցված էին: Հենց Հայաստանի կառավարության ցանկությունն էր, որ միջազգային կառույցներն աջակցեն ընտրական գործընթացին: Հայաստանը ստորագրել է մի շարք միջազգային համաձայնագրեր, որոնք իրենցից ենթադրում են հստակ պարտավորությունների շրջանակ: Չեմ կարծում, որ պարոն Սվիտալսկին իրավունք չունի արտահայտելու իր կարծիքը՝ այս ամենի հետ կապված»,-նշել է Չեխիայի դեսպանը:

Հայաստանում ապրիլի 2-ին անցկացված ընտրությունների արդյունքների վերաբերյալ Եվրոպական խորհրդի կազմակերպած քննարկման ժամանակ Պյոտր Սվիտալսկին խոսել էր ընտրակաշառքների բաժանման, ընտրական այլ խախտումների մասին, իսկ Տիգրանը Մուկուչյանը հորդորել էր տեսակետներ ներկայացնելիս լինել ազնիվ և անկեղծ, գույները չխտացնել՝ շեշտադրումներ անելով ընդամենը մեկ տոկոս խափանումների վրա: 

Պյոտր Սվիտալսկիի հայտարարությունից հետո ՀՀ արդարադատության նախարարը հայտարարել էր, որ դա փորձ է խառնվելու Հայաստանի ներքին խնդիրներին, իսկ ԵՄ ղեկավարը հունիսի 20-ին կայացած ասուլիսի ժամանակ նշել էր, որ իր ուղերձը հստակորեն տեղ հասցնելու համար հանրային հայտարարությունների կարիք չունի, իր գնահատականն ու կարծիքը անհայտ չեն իր զրուցակիցներին և պատասխանատուներին: «Պետք է դրական տրամադրվել հանրային քննարկումներին և բանավեճերին, սակայն կարևոր է հետևել որոշակի տարրական կանոնների. նախքան ինչ-որ բան արտահայտելը, իմացեք՝  ինչ է ասվել, կրկին նայեք տեսանյութը, լսեք ձայնագրությունը, մտածեք, հարգեք ձեր զրուցակցին»,-նշել էր Սվիտալսկին: