«Գազպրոմ»-ը պատրաստվում է 6 միլիարդ դոլար ներդնել «Թուրքական հոսք»-ում

16:42 • 22.06.17

«Թուրքական հոսք» նախագծում ներդրումների ծավալը գնահատվում է 6 միլիարդ դոլար: Այդ մասին հայտնել է ռուսական «Գազպրոմ» էներգետիկ ընկերության տնօրենների խորհրդի ղեկավարի տեղակալ Անդրեյ Կրուգլովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Թուրքական հոսք»-ում նախատեսվող ներդրումների չափը կազմում է մոտ 6 միլիարդ դոլար: Ինչ վերաբերում է նախագծային ֆինանսավորմանը, մենք ասել ենք, որ նման հնարավորություն կա «Թուրքական հոսք»-ի ծովային հատվածի ֆինանսավորման համար: Այնուամենայնիվ, մենք նախատեսել ենք, որ «Թուրքական հոսք»-ը կարող է իրագործվել միայն «Գազպրոմ»-ի միջոցների հաշվին»,- ասել է Կրուգլովը մամուլի ասուլիսի ժամանակ:


Ռուսաստանը և Թուրքիան 2016 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրել են միջկառավարական համաձայնագիր «Թուրքական հոսք» նախագծի վերաբերյալ: Փաստաթուղթը ենթադրում է Սև ծովի հատակով գազամուղի երկու գծի կառուցում՝ յուրաքանչյուրը 15,75 միլիարդ խորանարդ մետր հզորությամբ: