Այս պահին ընթացքի մեջ են դիվանագիտական աշխատանքներ, որոնք հրապարակային չեն․ Ռիչարդ Հոգլանդ

18:40 • 22.06.17

Քանի որ այս պահին ընթացքի մեջ են դիվանագիտական աշխատանքներ, որոնք հրապարակային չեն, ուստի խնդրում եմ ապավինել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հրապարակային հայտարարությանը․ ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ Tert.am-ի մի շարք հարցերին ի պատասխան այսպես է արձագանքել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանը: 

Նշենք, որ Tert.am-ը մասնավորապես հետաքրքրվել էր, թե արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ մեր տարածաշրջան այցի ժամանակ համաձայնություն ձեռք բերվել է շփման գծում միջազգային դիտորդների թվի ավելացման վերաբերյալ, և եթե կան տարաձայնություններ այդ հարցում, ապա ինչի՞ շուրջ են դրանք: Ինչպես նաև՝ Tert.am-ը հետաքրքրվել էր՝ արդյո՞ք իրենց հայտարարություններում առաջինը Ադրբեջանին կոչ անելով չսրել իրավիճակը, հրապարակային ընդունում են, որ Ադրբեջանն է սադրում իրավիճակը:

Հիշեցնենք, որ հունիսի կեսերից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մեր տարածաշրջանում էին: Նրանք նախ եղան Երևանում, հետո Ստեփանակերտում, այնուհետ՝ Բաքվում: Այցից հետո հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որտեղ, որում մատնանշել էին շփման գծում լարվածության մեծացումը և Ադրբեջանի ղեկավարությանը կոչ էին արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում խուսափել հետագա լարվածության մեծացումից: