Հայտնի է, թե ով է « Իգլա»-ի գործով չորրորդ կալանավորվածը. նա Էջմիածնի բնակիչ է
«Իգլա»-ի գործով կալանավորված չորրորդ անձը Հրաչ Մայիլյանն է, ում նկատմամբ նույնպես մեղադրանքը մեղմացվել է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց գործով կալանավորված մյուս մեղադրյալ Արմեն Պողոսյանի պաշտպան Վիկտորյա Կիրակոսյանը:
«Քրեական գործով չորս մեղադրյալներին՝ իմ պաշտպանյալին, Սամվել Բաբայանին, Սանասար Գաբրիելյանին և Հրաչ Մայիլյանին, ի սկզբանե մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 2 հոդվածով՝ 235-րդ հոդվածի 2-րդ մասի և 235.1 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Նախաքննության ավարտին բոլոր մեղադրյալների նկատմամբ մաքսանենգ ճանապարհով զենք բերելու մասին մեղադրանքը հանվել է, քանի որ դա չի ապացուցվել»,-ասաց պաշտպանը:
Վիկտորյա Կիրակոսյանը տեղեկացրեց, որ գործով երեք մեղադրյալները ճանաչում են միմյանց, որովհետև նույն քաղաքի բնակիչներ են։
«Իմ պաշտպանյալը Սամվել Բաբայանին չի ճանաչում, սակայն գործով մյուս երեք մեղադրյալները միմյանց ճանաչում են: Հրաչ Մայիլյանը, Սանասար Գաբրիելյանն ու Արթուր Պողոսյանը Էջմիածին քաղաքի բնակիչներ են»,– ասաց նա:
Փաստաբանը նաև հայտնեց, որ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը:










