ԻՊ-ը պայթեցրել է Մոսուլի գլխավոր մզկիթը. BBC (լուսանկար)
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները պայթեցրել են իրաքյան Մոսուլի գլխավոր մզկիթը, այս մասին հայտնում է BBC-ի ռուսալեզու ծառայությունը:
Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին, մեկնաբանելով տեղի ունեցածը, հայտարարել է, որ ԻՊ-ը, այդպիսով, փաստացի ընդունել է իր պարտությունն 9 ամիս շարունակ Մոսուլի համար մարտերում:
Նշենք, որ հենց այստեղ՝ ան Նուրի մզկիթում, երեք տարի առաջ ԻՊ առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին հայտարարել էր «խալիֆայություն» հիմնելու մասին:
Հատկանշական է, որ մզկիթը գտնվում է քաղաքի արևմտյան հատվածում՝ Տիգրիսի ափին, որտեղ վերջին շրջանում ընթանում էին որոշիչ մարտեր:
ԻՊ-ն, իր հերթին, մզկիթի ռմբակոծման համար շտապել էր մեղադրել ԱՄՆ-ին, ինչը, սակայն, հերքվեց ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի ներկայացուցչի կողմից:
Ամերիկյան ռազմական հրամանատարության ներկայացուցիչը, միևնույն ժամանակ, ընդգծել է, որ ԻՊ-ը ոչնչացրել է «Մոսուլի և Իրաքի մեծագույն գանձը»: Նշենք, որ ան Նուրի մզկիթը կառուցվել է 12-րդ դարում, մզկիթի կառուցումը սկսվել է 1172թ.-ին:
Մոսուլն ԻՊ-ի գրոհայինների հսկողության տակ է գտնվել երկու տարուց ավելի: Իրաքի կառավարական զորքերը քաղաքի ազատագրման ցամաքային գործողությունները սկսել են 2016թ.-ի հոկտեմբերի 17-ին:
ՄԱԿ-ի գնահատականով` ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող արևմտյան հատվածում 750 000 խաղաղ բնակիչ է բնակվում:












