Արցախում գլխի հրազենային թափանցող վիրավորում ստացած զինծառայողի կյանքին սպառնացող վտանգը պահպանվում է. Կամավոր Խաչատրյան
Արցախից Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխված գլխի հրազենային թափանցող վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Յուրի Զաքարյանի կյանքին սպառնացող վտանգը պահպանվում է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ բուժծառայության վարչության պետ Կամավոր Խաչատրյանը:
«Նրա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, ինչպես այստեղ տեղափոխվելու առաջին օրն էր։ Կարողանում ենք կայունությունը պահել, որ ավելի չսրվի վիճակը, բուժական միջամտություններ արվում են, բայց ակտիվ վիրահատական միջամտություն՝ ոչ։ Դեռ միացված է շնչառական ապարատին, մեզ համար այս պահին կարևորը նրան այս վիճակից հանելն է: Բեկորային վնասվածքից ստացված տարածությունը մեծ է»,-շեշտեց նա:
Կամավոր Խաչատրյանը հիշեցրեց, որ մինչ Երևան տեղափոխելը Ստեփանակերտում զինծառայողը վիրահատության էր ենթարկվել:
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել 1997 թվականին ծնված ՊԲ զինծառայողներ Արայիկ Մատինյանը, Վիգեն Պետրոսյանը, Վարդան Սարգսյանը: Երեք զինծառայող՝ Արմեն Վարդանյանը, Յուրի Զաքարյանը, Մյասնիկ Հովհաննիսյանը վիրավորվել են:
Հունիսի 17-ին ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ ևս դիմել է հերթական սադրանքի, որի հետևանքով ժամը 09.40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը:
Անդրադառնալով մյուս վիրավոր զինծառայողների՝ Արմեն Վարդանյանի և Մյասնիկ Հովհանիսյանի վիճակին՝ Կամավոր Խաչատրյանը նշեց, որ նրանց վիճակը կայուն է, գտնվում են բժիշկների վերահսկողության ներքո, կարողանում են հաղորդակցվել:










