Թերեզա Մեյը ներողություն է խնդրել Լոնդոնի 24-հարկանի շենքում հրդեհից տուժածներին «ոչ բավականաչափ» աջակցության համար
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ներողություն է խնդրել կառավարության կողմից Grenfell Tower բնակելի շենքում բռնկված հրդեհից տուժածներին «ոչ բավականաչափ» աջակցության համար, գրում է Associated Press-ը։
«Ընտանիքների աջակցությունն առաջին ժամերին բավականաչափ լավը չէր: Մարդիկ մնացել են առանց սեփականության, առանց տանիքի, անգամ՝ առանց տեղեկության, թե ինչ է տեղի ունեցել, ինչ պետք է անեն և որտեղ օգնություն գտնեն… Որպես վարչապետ՝ ես ներողություն եմ խնդրում այդ ձախողման համար»,- հայտարարել է Մեյը՝ հանդես գալով խորհրդարանում:
Ի դեպ, Լոնդոնի Քենսինգթոն և Չելսի շրջանի ղեկավար Նիկոլաս Հոլգեյթը հայտարարել է հրաժարականի մասին՝ Grenfell Tower-ում հրդեհի հետ կապված քննադատությունից հետո, հայտնում է BBC-ն:
«Չնայած իմ ցանկությանը՝ շարունակել ծանր պայմաններում զբաղվել շրջանի ղեկավարի պարտականությունների կատարմամբ, ես որոշել եմ հեռանալ իմ պաշտոնից»,- ասել է նա:
Շրջանի վարչության տարածած հայտարարությունում Հոլգեյթը, ով այդ պաշտոնին է 2014 թվականից ի վեր, նշել է, որ շրջանի «ամենակարևոր առաջնահերթությունն է» օգնել հրդեհից տուժած ընտանիքներին:
Հիշեցնենք, որ Լոնդոնի Grenfell Tower բարձրահարկ բնակելի շենքում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվել է 79 մարդ:










