Ամերիկացին, վտանգելով կյանքը, փրկել է իր շանն օձի խայթոցից
Ամերիկյան Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքի բնակիչը, վտանգելով կյանքը, փրկել է շանն օձից՝ թույլ տալով, որ սողունը շան փոխարեն իրեն խայթի:
Ինչպես հայտնում է lenta.ru-ն, 62-ամյա Մայքլ Սիբուրգը, լսելով օձին բնորոշ ֆշշոցը, նկատել է, որ սողունը թաքնվել է լողավազանի մաքրման համար նախատեսված սարքավորման տակ:
Սիբուրգի շանը հետաքրքրել է տարօրինակ ձայնն ու կենդանին սկսել է փնտրել, թե որտեղից է ձայնը գալիս: Երբ չորքոտանին գտել է օձին ու դունչը մոտեցրել դրան, սողունը փորձել է խայթել շանը, սակայն տղամարդը ձեռքով պահել է կենդանուն ու դրա հետևանքով ինքը խայթվել:
«Ես գիտեի, որ օձը նրան կկծի, ու որոշեցի փրկել շանս»,-բացատրել է Սիբուրգը, որին առաջին բուժօգնություն է տրամադրվել:
Այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում:










