Մեր ընտանիքում ոչ ոք չի ցանկանում թագավոր կամ թագուհի լինել. արքայազն Հարի
Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամ արքայազն Հարին Newsweek թերթին տված հարցազրույցում խոստովանել է, որ իրենց ընտանիքում ոչ ոք չի ցանկանում թագավոր կամ թագուհի լինել:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 32-ամյա արքայազնը նշել է, որ այնուհանդերձ՝ հարկ եղած դեպքում իրենցից ամեն մեկը կկատարի իր պարտականությունները:
«Թագավորական ընտանիքում կա՞ մեկը, որ ուզում է թագավոր կամ թագուհի լինել: Կարծում եմ՝ ոչ, բայց անհրաժեշտ պահին մենք կկատարենք մեր պարտականությունները: Միապետությունը լավ նպատակներ է հետապնդում, և մենք ուզում ենք, որ 60 տարվա ընթացքում թագուհու ջանքերի շնորհիվ ստեղծված դրական մթնոլորտը պահպանվի, բայց մենք չենք փորձում նրա կառավարման ճանապարհին խոչընդոտ լինել: Մենք փորձում ենք բրիտանական միապետությունն ավելի ժամանակակից դարձնել: Մենք դա մեզ համար չենք անում, այլ մարդկանց ավելի լավ կյանքի համար»,-ասել է Հարին:

Նրա խոսքով՝ միապետությունը հեքիաթի պես բան է, որին մարդիկ հավատում են և որն անհրաժեշտ է նրանց:
Բրիտանական գահի ժառանգորդների թվում 5-րդը համարվող արքայազն Հարին գովել է թագուհի Էլիզաբեթ 2-րդին իրենց ազատ ընտրության հնարավորություն տալու համար:
«Թագուհին խորհուրդ է տալիս մեզ մեր ուզածով շարժվել ու ժամանակը խելամիտ տնօրինել: Դա մեզ դուր է գալիս, քանի որ մենք չենք ցանկանում ժամանակն անցկացնել միայն տարբեր միջոցառումների ներկայանալով, դատարկ ձեռքսեղմումներ անելով, այլ ուզում ենք կարևոր գործերում ներգրավված լինել»,-շարունակել է Հարին:

Հարցազրույցի ժամանակ արքայազնը պատմել է, թե որքան հասարակ կյանք են վարում ինքն ու ավագ եղբայրը՝ արքայազն Ուիլյամը:
«Եթե ես թագավոր լինեի, ես ինքս կգնայի առևտուր անելու ու երեխաներիս էլ կսովորեցնեի նորմալ կյանք վարել»,- ասել է արքայազնը:

Զրույցի ժամանակ նա անդրադարձել է մոր՝ արքայադուստր Դիանայի մահին՝ ընդգծելով, որ իր համար չափազանց ծանր էր 12 տարեկանում քայլել մոր դագաղի կողքով:
«Կարծում եմ՝ դա սխալ որոշում էր՝ ստիպել 12 տարեկան երեխային քայլել մոր դագաղի կողքով: Կապ չունի, ինչ էլ որ պատահի, ոչ մի երեխայի չպետք է նման բան ստիպեն: Մայրս նոր էր մահացել, իսկ ինձ ստիպում էին քայլել միլիոնավոր հետաքրքրասեր հայացքների ներքո»,-անկեղծացել է Հարին:














