Կիմ Չեն Ընը գաղտնի հրաման է տվել «պահել ու պահպանել» միջուկային զենքը. լրատվամիջոցներ

11:17 • 22.06.17

Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը «թիվ 92 օբյեկտի» ուսումնասիրման ժամանակ կարգադրել է «պահել ու պահպանել» միջուկային զենքը՝ «գաղտնիքների գաղտնիքը», որից կախված է «երկրի գոյատևումը»:

Ինչպես նշում է ria.ru-ն, այս մասին ասվում է հարավկորեական լրատվամիջոցների մոտ հայտնված գաղտնի փաստաթղթում:

Աղբյուրը նկատում է, որ սա հյուսիսկորեացի առաջնորդի՝ Փհենյանի միջուկային զենք ունենալու մասին առաջին բաց հայտարարությունն է:

Լրագրողների տրամադրության տակ հայտնված փաստաթուղթը, որը նախատեսված էր բացառապես կուսակցական բարձր օղակների համար, և հայտնի չէ, թե ինչպես է հայտնվել հարավկորեացիների ձեռքում, վկայում է, որ Հյուսիսային Կորեան իսկապես միջուկային զենք ունի:

Հարավկորեական հատուկ ծառայությունների կարծիքով՝ «թիվ 92 օբյեկտում» արտադրվում են հրթիռներ ու միջուկային մարտագլխիկներ։

Հիշեցնենք, որ երկիրն իրականացրել է 5 միջուկային փորձարկում, որից 3-ը՝ ներկայիս ղեկավարի օրոք: Այնուհանդերձ՝ ոլորտի փորձագետների մեծ մասն այն կարծիքին է, որ Հյուսիսային Կորեան դեռևս այնքան չի զարգացել, որ միջուկային զենք արտադրի: