«Երբ փլուզվեց ԽՍՀՄ-ը, բոլորը, այդ թվում՝ ԱՄՆ-ն, սկսեցին իրենց զգալ քաղաքակիրթ աշխարհի ղեկավար». Պուտինը՝ Օլ. Սթոունի «Պուտին» փաստագրական ֆիլմում

18:46 • 22.06.17

Ես խոսել եմ Ֆիդել Կաստրոյի հետ, ասաց՝ գիտե՞ս ինչու եմ ես ողջ, որովհետև իմ անվտանգությամբ միշտ անձամբ ինքս եմ զբաղվում. այս մասին ռեժիսոր Օլիվեր Սթոունի «Պուտին» փաստագրական ֆիլմում պատմել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Ֆիլմը ստեղծվել է 2015- 2017թթ. ձայնագրված հարցազրույցների հիման վրա:

Ֆիլմում հիշեցվում է, որ կառավարման 3 ժամկետում Պուտինի դեմ 5 անգամ մահափորձ է արվել: Ինքը, ի տարբերություն Կաստրոյի, որի վրա 50 անգամ է մահափորձ կատարվել, վստահում է իր անվտանգության աշխատակիցներին:

«Իմ, Ձեր ճակատագիրն Աստծուն է հայտնի միայն: Մեռնել կհասցնենք, ամեն մեկս մի ձևով, կարևորը՝ կյանքից բավարարված լինենք»,-նշել է ՌԴ նախագահը:

Վլադիմիր Պուտինը ծնվել է Սանկտ Պետերբուրգում (նախկինում՝ Լենինգրադ), ապրել է հանրակացարանում: Վլադիմիրը ծնողների ուշացած երեխան է եղել, մինչև նրա ծնվելը նրանք երկու երեխայի կորցրել են, մեկին՝ պատերազմում: Հայրն էլ նույն պատերազմում վիրավորվել է: Մինչև 12 տարեկանը ապագա նախագահը դժվար դեռահաս է եղել, մինչև որ սկսել է զբաղվել ձյուդոյով:

«Ես ապրում էի այնպիսի ազատ ռեժիմով, ժամանակն անցկացնում էի փողոցում, բակում։ Այն պահից, երբ սկսեցի զբաղվել ձյուդոյով, այն ինձ փոխեց դրական առումով»,-անկեղծացել է Պուտինը:

Դպրոցն ավարտելուց անմիջապես հետո նա ընդունվել է Լենինգրադի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ: Այնուհետև ընդունվել է աշխատանքի ՊԱԿ-ում (ԿԳԲ): Նա, իհարկե, իդեալականացրել է այդ մասնագիտությունը, հետախուզությունը: Գրքերը, ֆիլմերն իրենց ազդեցությունն ունեցել են:

«Խորհրդային բարձրագույն ուսումնական հաստատությունները երբ ավարտում էիր՝ գնում էիր այնտեղ աշխատելու, որտեղ ուղարկում էին: Ես պարտավոր էի գնալ այնտեղ աշխատելու, բայց ես ուզո՛ւմ էի այնտեղ աշխատել: Ես ընդունվեցի Իրավաբանական ֆակուլտետ, որովհետև ուզում էի աշխատել ՊԱԿ (ԿԳԲ)-ում»,-պատմել է ՌԴ նախագահը:

Նրա գնահատմամբ՝ 80-ականները սառած, լճացած տարիներ էին:  

«Գիտեք, հասկանալի էր և՛ Գորբաչովի համար, և՛ բոլոր նրանց համար, ովքեր շրջապատում էին նրան, որ երկրում փոփոխությունների կարիք կա: Բայց այսօր կարող եմ ամենայն վստահությամբ ասել, որ նրանք չհասկացան, թե ինչ փոփոխություններ են պետք և ինչպես պետք է դրանց հասնել: Նրա արժանիքն այն էր, որ հասկացավ փոփոխությունների անհրաժեշտությունը»,-ասել է Վլադիմիր Պուտինը:

Ֆիլմում պատմական ակնարկ է արվում՝ Խորհրդային Միությունը փլուզվեց և ձևավորվեց Ռուսաստանի Դաշնությունը՝ Բորիս Ելցինի գլխավորությամբ. այդ ժամանակ ամբողջովին քայքայված էր սոցիալական պաշտպանության սիստեմը: Առողջապահական համակարգը փլուզված էր, ողբալի վիճակում էր բանակը, միլիոնավոր մարդիկ հայտնվեցին աղքատության մեջ:

Պուտինը Մոսկվա վերադարձավ 1996-ին և անմիջապես գլխավորեց Դաշնային անվտանգության ծառայությունը: Նա այդ պաշտոնում չէր կարող չտեսնել այդ ամբողջ։

«Իհարկե, տեսնում էի: Ինձ հաճախ մեղադրում են, որ ես ափսոսում եմ Խորհրդային Միության փլուզման համար: Բայց առաջինը և ամենակարևորն այն է, որ Խորհրդային Միության փլուզմամբ 25 միլիոն ռուս մեկ գիշերում հայտնվեց սահմանից դուրս: Եվ դա 20-րդ դարի ամենամեծ աղետն է, որովհետև մարդիկ ապրում էին մեկ պետության սահմաններում, նրանք ունեին բարեկամական կապեր, աշխատանք, բնակարան, նրանք բոլորն ունեին հավասար իրավունքներ, վայրկյանների ընթացքում հայտնվեցին սահմանից դուրս»,-ասել է ՌԴ նախագահը:

1993 թ. հոկտեմբերին Ռուսաստանում մեծամասշտաբ քաղաքացիական պատերազմ սկսվեց՝ պառլամենտի պատգամավորները՝ Ելցինի և նրա կողմնակիցների դեմ: 1000-ավոր մարդիկ զոհվեցին: 1993-ին Պուտինը դարձավ վարչապետ: Իսկ 2000-ին Ելցինը հրաժարական տվեց:

Անդրադառնալով Ելցինի հասցեին հնչող այն կարծիքին, թե նա հավանաբար խնդիր է ունեցել ալկոհոլի հետ, անառողջ տեսք ու պահվածք է ունեցել, Վլադիմիր Պուտինն ասել է. «Գիտեք, ես ինձ իրավունք չեմ վերապահում անձնական գնահատական տալ ո՛չ Գորբաչովին, ո՛չ Ելցինին: Նա, ինչպես յուրաքանչյուրս, ուներ իր խնդիրները, բայց ուներ և իր ուժեղ կողմերը: Այդ ուժեղ կողմերից մեկն էլ այն էր, որ նա երբեք չէր փախչում սեփական պատասխանատվությունից»:

2000թ. հունվարի 1-ին Պուտինը դարձավ նախագահի պաշտոնակատար: Ինքը չգիտի՝ ինչու Ելցինն իրեն ընտրեց:  

Պուտինի խոսքով՝ առաջին անգամ, երբ իրեն առաջարկել է Ելցինը, հրաժարվել է: Նա կանչել է Պուտինին և առաջարկել լինել վարչապետ, որ հետո ստանձնի նախագահի պարտականությունները: Պուտինը մերժել է, որովհետև, նախ, դա կփոխեր իր ամբողջ կյանքը, երկրորդ՝ դա մեծ պատասխանատվություն էր, որին ինքը պատրաստ չէր:

«Այո, ես չինովնիկ էի, բայց կարող էի գնալ կինո, հանդիպել ընկերներիս հետ, ազատ կյանքով ապրել և չկրել այդպիսի անձնական պատասխանատվություն երկրի համար և միլիոնավոր մարդկանց ճակատագրի համար: Ես այդ ժամանակ չգիտեի՝ նախագահ Ելցինն ինչ վերջնական նպատակներ ունի իմ հետ կապված: Ես այդ ժամանակ մի բանի մասին էի մտածում՝ որտեղ թաքցնեմ երեխաներիս»,-պատմել է Պուտինը:

Այդ ժամանակ նա որոշել է գնալ մինչև վերջ:

2004թ.-ի նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինը հավաքեց ձայների 75 տոկոսը, 2009թ.-ին դարձավ կառավարության ղեկավար, 2012թ.-ին 63 տոկոսով կրկին նախագահի պաշտոն ստանձնեց:

Հարցին, թե Ռուսաստանն Աֆղանստանի հետ հարաբերությունների երկար պատմություն ունի, ինչպե՞ս եղավ, որ Պուտինը չգտավ Բեն Լադենի տեղը և չհասկացավ, թե ինչքան թույլ էին Ալ-Քաիդայի դիրքերը, ՌԴ Նախագահը պատասխանել է. «Ալ-Քաիդան մեր գործունեության արդյունքը չէր, Միացյալ Նահանգների գործն էր Բեն Լադենին գտնելը»:

Պուտինը նշել է, որ երբ փլուզվեց Խորհրդային Միությունը, բոլորը, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, սկսեցին իրենց զգալ քաղաքակիրթ աշխարհի ղեկավար:

«Այդ իրավիճակում և՛ երկիրը, և՛ մարդը սկսում են թույլ տալ սխալներ: Չկա անհրաժեշտություն վերլուծելու, չկա անհրաժեշտություն հետևանքների մասին մտածելու: երկիրը սկսում է գործառույթները կատարել ոչ արդյունավետ և սխալները բարդել ուրիշների վրա: Այդպիսի թակարդում է ընկել ԱՄՆ-ն: Մենք, ի տարբերություն մեր շատ գործընկերների, երբեք չենք խառնվում այլ երկրների ներքաղաքական գործերին: Դա մեր աշխատանքի սկզբունքներից մեկն է»,-ասել է ՌԴ նախագահը: