Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Եգիպտոսը և Բահրեյնը Քաթարին ուղղված պահանջների ցանկ են կազմել. ԱՄՆ պետդեպ

10:16 • 22.06.17

ԱՄՆ պետքարտուղարությունում հայտնել են, որ Քաթարին շրջափակում հայտարարած արաբական երկրները՝ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Եգիպտոսը և Բահրեյնը, պատրաստել են Դոհային ուղղված պահանջների ցանկ: Այդ մասին ասված է գերատեսչության կայքում:


«Մենք հուսով ենք, որ պահանջների շարքը շուտով կներկայացվի Քաթարին, որ այն կլինի խելամիտ և իրականանալի»,- նշել են պետքարտուղարությունում:


Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը և Եգիպտոսը հունիսի 5-ին խզել են դիվանագիտական հարաբերությունները Դոհայի հետ և դադարեցրել են Քաթարի հետ բոլոր տեսակի կապերը՝ նրան մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու և նրանց ներքին գործերին միջամտելու համար: Ավելի ուշ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին են նաև հայտարարել Մալդիվները, Մավրիկիան, Մավրիտանիան: Հորդանանը և Ջիբութին նվազեցրել են Քաթարում իրենց դիվանագիտական ներկայացուցչությունների մակարդակը: Արդյունքում՝ Քաթարի շրջափակմանը չի միացել Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի մեջ մտնող միայն երկու պետություն՝ Քուվեյթը և Օմանը: Սենեգալը, Նիգերը և Չադը հայտարարել են դեսպաններին հետ կանչելու մասին: