ԿԽՄԿ-ն հայկական ու ադրբեջանական կողմերի հետ երկխոսություն է սկսել Զավեն Կարապետյանի հարցով
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն երկխոսություն է սկսել հայկական ու ադրբեջանական կողմերի հետ՝ Ադրբեջանում պահվող ՀՀ քաղաքացի Զավեն Հովհաննեսի Կարապետյանի հարցով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակի Հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն իրականացնում է կոնֆիդենցիալ և երկկողմ երկխոսություն ներգրավված կողմերի հետ՝ այցելելու ձերբակալված անձին: Հակամարտության ընթացքում ձերբակալված անձանց այցելություններն իրականացվում են ԿԽՄԿ մանդատով՝ համաձայն միջազգային մարդասիրական օրենքի»,- ասել է Զառա Ամատունին:
Tert.am-ի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ավելի վաղ ասել էր, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հրապարակած տեսանյութում հարցերին պատասխանող տղամարդը գրանցված է եղել Վանաձորի ծերանոցում՝ անձնագիր ստանալու համար:
Ադրբեջանի ՊՆ տարածած տեսանյութում ի պատասխան հայերեն տրված հարցերի՝ Զավեն Հովհաննեսի Կարապետյան ներկայացած անձը նշում է, որ ծնվել և բնակվում է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Դովեղ գյուղում: Նա ասում է, որ ծնվել է 1974թ. նոյեմբերի 16-ին:
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում որպես Զավեն Հովհաննեսի Կարապետյան անունով անձի գրանցման հասցե է նշվում Լոռու մարզի Վանաձոր քաղաքը, այլ ոչ թե Նոյեմբերյանի (Տավուշի մարզ) Դովեղ գյուղը, ինչպես ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեսանյութում:










