Ֆիլիպինների նախագահը ներողություն է խնդրել ահաբեկիչների կողմից գրավված քաղաքի բնակիչներից
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն ներողություն է խնդրել Մարավի քաղաքի բնակիչներից, որտեղ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն աջակցող ծայրահեղականների խմբի օկուպացիայի պատճառով ռազմական դրություն է հայտարարված:
Ինչպես փոխանցում է CNN-ը, Դուտերտեն Մինդանաո կղզում Մարավիից տարհանված բնակիչների առաջ ելույթ ունենալիս ներողություն է խնդրել ստեղծված իրավիճակի համար և խոստացել վերակառուցել քաղաքը:
«Ես այլ ելք չունեի, նրանք ոչնչացնում են Մարավին, ես պետք է ոչնչացնեի նրանց, բայց ես շատ եմ ցավում կատարվածի համար», - ասել է նախագահը փախստական դարձած մարավցիներին:
Նշենք, որ ահաբեկիչների հետ ֆիլիպինյան բանակի բախումները սկսվել են մայիսի 22-ին: Մարավիի վրա գրոհը ծայրահեղականները ձեռնարկել էին մայիսի 23-ին:
Շուրջ 4 շաբաթ շարունակվող բախումների ընթացքում, ըստ պաշտոնական տվյալների, ոչնչացվել է 257 զինյալ, մահացել է 62 զինծառայող և 26 խաղաղ բնակիչ:










