Ծիրանի 1 կգ-ի գինը մթերողները 600 դրամից 400 են դարձրել. դժգոհ ջրաշենցիները փակել են մթերող բեռնատարների ճանապարհը
Արարատի մարզի Ջրաշեն համայնքի ղեկավար Արտյոմ Ղազարյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց, որ գյուղացիների և ծիրան մթերողների միջև խնդիր է ծագել, քանի որ ծիրանի մթերման գինը 1 կգ-ի համար 600 դրամից դարձրել են 400 դրամ:
Ըստ նրա՝ նախնական պայմանավորվածությամբ գինը սահմանվել էր 600 դրամ, այն էլ՝ բանավոր կերպով:
«Անհատ մթերող է, ով երեկվա դրությամբ իր խոստացված գնով էր մթերել՝ 600 դրամ, առավոտյան իջեցրել էր 400 դրամ, ինչի պատճառով էլ գյուղացիները դժգոհ էին»,-ասաց նա:
Արտյոմ Ղազարյանը նշեց, որ ոչ թե գյուղի, այլ դաշտամիջյան ճանապարհն է միայն փակվել՝ ծիրանով բեռնված բեռնատարներին թույլ չտալով դուրս գալ:
Գյուղապետը նկատեց, թե, ըստ էության, ինքը չի կարող մեղադրել մթերողին, քանի որ շուկան է գին թելադրում: «Հիմա շուկայում գինն իջել է, այդ մարդիկ էլ ասում են, գինը պետք է իջեցնենք, ի՞նչ անենք»,-ասաց նա:
Հարցին, թե ի՞նչ պայմանավորվածության եկան, գյուղապետն ասաց, որ մարդիկ շարունակում են բերքը հավաքել: «Հիմա խոսքը 1000 տոննա ծիրանի մասին է, եթե չեկան ընդհանուր հայտարարի՝ ստիպված պետք է տան, ի՞նչ պետք է անեն»,-ասաց նա և հավատացրեց, թե մթերողը մեկը չէ, շուրջ 10 մթերող կա և այնպես չի, որ իրար մեջ պայմանավորվելով են գին իջեցրել:
«Չեմ կարծում, որ իրար մեջ պայմանավորվել են, քանի գնա, գինը նվազելու է, նման բան չկա»,-ասաց նա:
Իսկ թե ճիշտ է տեղեկությունը, որ ծեծկռտուք է առաջացել գյուղացիների և մթերողների միջև, գյուղապետը բացասական պատասխան տվեց: «Ինչ կա ծեծելու, հիմա չեն տանում, չեն տա իրենց: Եթե քեզ ձեռք չի տալիս շուկայից մի ապրանք գնես, գնա ուրիշի հետ խոսի, գնի, ի՞նչ կա ծեծելու»,-ասաց նա:










