ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունն աչքի տակ է առել Ջոնի Դեփին Թրամփի հնարավոր սպանության մասին կատակից հետո

23:54 • 23.06.17

 

 ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունը աչքի տակ է առել ամերիկացի դերասան Ջոնի Դեփին` նախագահ Դոնալդ Թրամփի` հնարավոր սպանության մասին կատակի համար: Այս մասին հայտնել է ABC News հեռուստաալիքը:

«Մենք կարող ենք հաստատել, որ ԱՄՆ Գաղտնի ծառայությունը տեղյակ է Ջոնի դեփի մեկնաբանության մասին», - ասվում է ամերիկյան հեռուստաընկերության թվիթերյան էջում:

 Գերատեսչությունից հեռուստաալիքին հայտնել են, որ իրենք ակտիվ մոնիթորինգի են ենթարկում ամբողջ հանրային տեղեկատվությունը, այդ թվում` սոցիալական ցանցերը և գնահատում են պոտենցիալ սպառնալիքները:

Աղբյուրի հաղորդմամբ` դերասանի խոսքը մեկնաբանել են նաև Սպիտակ տանը:

Հիշեցնենք, որ Թրամփի հնարավոր սպանության մասին դերասանը կատակել է Մեծ Բրիտանիայում անցկացվող «Գլասթոնբերի» երաժշտական փառատոնի ժամանակ` նշելով «Վերջին անգամ ե՞րբ է դերասանը սպանել նախագահին: Կարո՞ղ եք Թրամփին այստեղ բերել: Կարծում եմ՝ նա օգնության կարիք ունի»:

Այդ խոսքերով նա հիշեցրել է դերասանի կողմից Աբրահամ Լինկոլնի սպանության դեպքը: