Հս. Կորեայում դատապարտված ամերիկացի ուսանողի հուղարկավորությանն ավելի քան 2.500 մարդ է գնացել (լուսանկարներ)
ԱՄՆ Օհայո նահանգում տեղի է ունեցել Հյուսիսային Կորեայում 17 ամիս անազատության մեջ պահված ու կոմայի մեջ հայրենիք վերադարձված ուսանող Օտտո Ուոմբիերի հուղարկավորության արարողությունը, որին ներկա է եղել ավելի քան 2.500 մարդ:
Ինչպես հայտնում է The Guardian-ը, հուղարկավորության արարողությունն անցկացվել է հանգուցյալի հարազատ Վայոմինգ քաղաքում:
Երիտասարդին վերջին հրաժեշտը տալու համար հավաքվել են հարազատները, ընկերները, տեղացիները, ինչպես նաև մի շարք քաղաքական գործիչներ: Մարդկանց մի մասը սգո երթին է մասնակցել ԱՄՆ ազգային դրոշներով, Հյուսիսային Կորեայի ռեժիմը քննադատող պաստառներով:
Պարբերականը հավելում է, որ նախօրեին կայացած հոգեհանգստի արարողությունը կազմակերպվել էր Ուոմբիերի սովորած դպրոցում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է պատժել Հյուսիսային Կորեային ամերիկացի ուսանող Օտտո Ուոմբիերի մահվան համար:
«Օտտոյի ճակատագիրն ուժեղացնում է իմ վարչակազմի վճռականությունը՝ անել այնպես, որ անմեղ մարդիկ այլևս չդառնան իրավունքի գերակայությունը և պարզ մարդկային արժանապատվությունը չհարգող ռեժիմի զոհեր: ԱՄՆ-ն հերթական անգամ դատապարտում է հյուսիսկորեական վարչակազմի դաժանությունը՝ սգալով նրա վերջին զոհի համար»,- հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ամերիկացի Օտտո Ուոմբիերը, ով ազատվել էր Հյուսիսային Կորեայից ու տեղափոխվել ԱՄՆ, մահացել է:
Անցյալ շաբաթ Օտտոն ազատ էր արձակվել Հս. Կորեայի բանտից ու տեղափոխվել հայրենիք՝ կոմայի մեջ գտնվելով։ Բժիշկները նրա մոտ ախտորոշել էին գլխուղեղի ծանր վնասվածք։
Փհենյանի վարկածի համաձայն՝ Ուոմբիերը բոտուլիզմով էր հիվանդացել բանտում, քնաբեր էր ընդունել ու կոմայի մեջ ընկել։
ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնել էր, որ հաջողվել է պայմանավորվել երիտասարդի ազատ արձակման հարցում։ Երիտասարդը 15 տարվա ուղղիչ աշխատանքների էր դատապարտվել, քանի որ քարոզչական պաստառ էր պատռել Փհենյանում:
















