Իրանական ավիաընկերությունը պատրաստվում է 10 օդանավ գնել ամերիկյան Boeing-ից

19:33 • 23.06.17

Մինչդեռ երկու իրանական ավիաընկերություն նախօրեին հայտարարել էին Airbus եվրոպական ավիաշինական հսկայից ինքնաթիռներ գնելու մասին, երրորդ իրանական ընկերությունն այսօր հայտնել է Boeing ամերիկյան ավիաշինական ընկերության հետ գործարք կնքելու մասին:

Ինչպես հայտնում է Press TV-ն, Qeshm Air իրանական ավիաընկերության ղեկավար Մահմուդ Շեքարաբին ուրբաթ հայտարարել է, որ ընկերությունը 10 Boeing 737 MAX օդանավի պատվեր է տվել: Նրա խոսքով` օրակարգում են նաև Boeing 737-800 ընտանիքին պատկանող ևս 5 օդանավ գնելու մասին բանակցությունները:

Շեքարաբին նշել է, որ ամերիկյան խոշորագույն ավիամատակարարի հետ պայմանագիրը կկնքվի հաջորդ երկու ամսվա ընթացքում:

Պաշտոնյայի խոսքով` Boeing-ը պետք է անհրաժեշտ արտոնագիր ստանա ԱՄՆ-ի Գանձապետարանից Իրանին ինքնաթիռներ վաճառելու համար: Մատակարարումները տեղի են ունենալու 2022 թվականից հետո: