Կան ցանկացողներ «Արևելյան գործընկերություն» ծրագիրը վերածել հակառուսական նախաձեռնության. Լավրով

17:31 • 23.06.17

«Արևելյան գործընկերություն» ծրագիրը հակառուսական նախաձեռնության վերածելու ցանկացողներ կան։ Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը բելառուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Իմիջիայլոց, մենք մեր գործընկերներին և՛ հետխորհրդային տարածքում, այդ թվում՝ Բելառուսի Հանրապետությունից, և՛ ԵՄ-ում ասել ենք, որ մենք չէինք ցանկանա, որ հայտնի «Արևելյան գործընկերություն» ծրագիրն օգտագործվեր ներգրավված երկրներին կեղծ ընտրության առաջ կանգնեցնելու համար»,- հայտնել է նա:


Նրա խոսքով՝ ՌԴ-ն ամենասկզբից պատրաստ է եղել համագործակցել «Արևելյան գործընկերություն» նախագծի հետ, առաջարկել է Բրյուսելին «նախագծեր փնտրել, որոնք այդ ծրագրի շրջանակում կմիավորեն ԵՄ երկրները, «Արևելյան գործընկերության» շրջանակներում ներգրավված երկրները, և որոնք կներառեին նաև Ռուսաստանի Դաշնության մասնակցությունը»:


«Ցավոք, քիչ բան ստացվեց: Բայց մենք դրանից ողբերգություն չենք սարքել, չնայած գիտենք, որ մեկը ցանկանում է օգտակար արդյունքների ձեռքբերմանն ուղղված գործընթացը կրկին վերածել ինչ-որ հակառուսական նախաձեռնության»,- հավելել է Լավրովը:


Նշենք, որ նախագծի գլխավոր նպատակը Եվրամիության մերձեցումն է նախկին ԽՍՀՄ 6 հանրապետությունների հետ՝ Ուկրաինա, Մոլդովա, Հայաստան, Վրաստան, Ադրբեջան և Բելառուս։