ԱԳ նախարարը մասնակցել է Սերբիայի նախագահի՝ պաշտոնի ստանձնման արարողությանը

23:18 • 23.06.17

Հունիսի 23-ի ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բելգրադում մասնակցել է Սերբիայի նորընտիր նախագահ Ալեքսանդր Վուչիչի՝ պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությանը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Սերբիայի նախագահին փոխանցել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն այդ բարձր ու պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Նախարար Նալբանդյանը նաև նշել է, որ հայ և սերբ ժողովուրդների՝ պատմամշակութային ընդհանրությունների վրա խարսխված դարավոր բարեկամությունն ամուր հենք է ծառայում միջպետական կապերի հետագա ընդլայնման ու խորացման համար, և Հայաստանը մեծապես կարևորում է Սերբիայի հետ համագործակցության զարգացումը թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ հարթություններում: