Իրաքի վարչապետն ասել է՝ երբ կհայտարարեն Մոսուլի ազատագրման մասին

09:39 • 23.06.17

Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարել է, որ առաջիկա օրերին արդեն կարելի կլինի հայտարարել Մոսուլի վերջնական ազատագրման մասին:

«Դա ընդամենը մի քանի օրվա հարց է, և մենք կհայտարարենք Մոսուլի ազատագրման մասին», - ասել է Ալ Աբադին Al Samuria հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Ինչպես փոխանցում է РИА Новости գործակալությունը, վարչապետը նշել է, որ իրենք անհապաղ պատրաստվում են ձեռնամուխ լինել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից ավերված մի շարք պատմական հուշարձաներրի վերականգնման աշխատանքներին:

Նախատեսվում է վերակառուցել Նեմրութ և Խաթրա (Էլ Խադր) հնագույն քաղաքները, ինչպես նաև Մոսուլի հայտնի ան Նուրի մզկիթի ալ Խադբա մինարեթը, որն ԻՊ գրոհայինները պայթեցրել էին վերջերս:

Մոսուլն ԻՊ-ի գրոհայինների հսկողության տակ է գտնվել երկու տարուց ավելի: Իրաքի կառավարական զորքերը քաղաքի ազատագրման ցամաքային գործողությունները սկսել են 2016թ.-ի հոկտեմբերի 17-ին:

ՄԱԿ-ի գնահատականով՝ ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող արևմտյան հատվածում 750 000 խաղաղ բնակիչ է բնակվում: