«Ծառուկյան» խմբակցության քվեարկությունը կառավարության ծրագրին վարչապետի անձով պայմանավորված չէ. Նաիրա Զոհրաբյան

13:21 • 23.06.17

ԱԺ «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունների պատգամավորները երեկ դեմ քվեարկեցին կառավարության ներկայացրած ծրագրին, սակայն մամուլում գրվեց, որ անհատական քվեարկության  էլեկտրոնային համակարգում արձանագրված էր, որ «Ծառուկյան» խմբակցությունից ոչ բոլորն են ենթարկվել խմբակցության պահանջին: Մասնավորապես Գյումրիի նախկին քաղաքապետ, նախկին ՀՀԿ-ական, իսկ այժմ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը կառավարության ծրագրին կողմ էր քվեարկել: Վարդան Ղուկասյանը անդրադառնալով նշվածին, ասել  էր, որ դա «մուտիլովշիկություն» է, տեխնիկական սխալ, ինքը 7-ը ձեռքով դեմ  է:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Վանիկ Ասատրյանը և Մարինա Մարգարյանը  քվեարկելու հնարավորություն չէին ունեցել ՝ կոճակի պատճառով:

Tert.am-ի հետ զրուցում  ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ խմբակցության բոլոր պատգամավորները դեմ են քվեարկել:

«Անմիջապես քվեարկությունից հետո,  հենց դահլիճում պարոն Ղուկասյանը ԱԺ կանոնակարգ համաձայն կանգնեց ոտքի և քարտուղարությանն իրազեկեց , որ շփոթություն է տեղի ունեցել, ավելին՝ երկու պատգամավորները, ում քվեարկության կոճակը չէր աշխատել, Մարինա Մարգարյանը և Վանիկ Ասատրյան ևս դահլիճում անմիջապես, ինչպես պահանջում է կանոնակարգը տեղեկացրեցին, որ իրենց  քվեարկության կոճակը չի աշխատել, ուստի պետք չէ փնտրել ինտրիգ այնտեղ, որտեղ այն ուղղակիորեն բացակայում է»,-մանրամասնեց  նա:

Նաիրա Զոհրաբյանը շեշտեց, որ կառավարության ծրագրի վերաբերյալ տարաձայնություններ իրենց խմբակցություն չկան:

«Տարբեր քվեարկությունների ժամանակ բոլոր խմբակցություններում՝ թե՛ «Ելք», թե՛ «Հանրապետական» լինում են  դեպքեր, որ պատգամավորների քվեարկության կոճակը չի աշխատում, կամ չեն  հասցնում քվեարկել, կանոնակարգը թույլ է տալիս հենց դահլիճում քարտուղարությանը իրազեկել ՝իրականում  ինչպես են քվեարկել և քարտուղարությունն այն ընդունում  է ի գիտություն»,-ընդգծեց պատգամավորը:

Նաիրա Զոհրաբյանը նաև վստահեցրեց, որ իրենց քվեարկությունը պայմանավորված չի եղել վարչապետի անձի հետ, նրա դեմ արշավ չի իրականացվում:

«Քաղաքական գործընթացները Ծառուկյան դաշինքը երբեք չի անձնավորել , չի անձնավորում:  Մեր ելույթներում մենք հիմնավորել ենք, թե ինչու ենք դեմ քվեարկում  կառավարության ծրագրին»,-շեշտեց նա:

Հիշեցնենք, որ Աժ-ում  «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանն էլ իրենց դեմ քվեարկելը պայմանավորեց կառավարության աշխատանքով՝ ասելով, որ մի շարք ոլորտներում կառավարությունը ձախողել է և չի ենթարկվել քաղաքական պատասխանատվության, իսկ նոր Ծրագիրը հետընթաց ի ծրագիր է:

Հիշեցնենք նաև, որ կառավարության ծրագիրն ԱԺ-ում  ընդունվեց 64 կողմ, 31 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ :