Հս. Կորեայի նկատմամբ «ռազմավարական համբերության դարաշրջանն ավարտվել է». ԱՄՆ փոխնախագահ
Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը, անդրադառնալով Կորեական թերակղզու շուրջ ստեղծված նախապատերազմական իրավիճակին, նշել է, որ Հյուսիսային Կորեայի նկատմամբ «ռազմավարական համբերության դարաշրջանն այլևս ավարտված է»:
«Եթե հարցը վերաբերում է Հյուսիսային Կորեային, ապա վարչակազմի ռազմավարական համբերության դարաշրջանն ավարտված է»,-ասել է փոխնախագահը Վաշինգտոնում Ուիլսոնի անվան կենտրոնում ելույթ ունենալու ժամանակ:
Փենսը նշել է, որ հյուսիսկորեական «բրուտալ ռեժիմն» Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգության գլխավոր սպառնալիքն է:
ԱՄՆ փոխնախագահի խոսքով՝ նախագահ Դոնալդ Թրամփի կառավարման ներքո ԱՄՆ-ն կշարունակի համագործակցել տարածաշրջանային դաշնակիցների, ինչպես նաև Չինաստանի հետ Փհենյանի նկատմամբ տնտեսական և դիվանագիտական ճնշումն ավելացնելու համար:
«Մենք դա կանենք այնքան ժամանակ, քանի դեռ Հյուսիսային Կորեան մեկընդմիշտ չի հրաժարվել միջուկային ու բալիստիկ ծրագրերից»,- եզրափակել է Փենսը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը սպառնացել է գերհզոր կանխարգելիչ հարված հասցնել Միացյալ Նահանգներին՝ այդ երկրի կառավարությանը նախազգուշացնելով «գործ չունենալ իրենց հետ»:
Այնուհետև պետական լրատվամիջոցները հայտարարել են, որ Հյուսիսային Կորեան կարող է հաշված վայրկյանների ընթացքում երկրի երեսից ջնջել ԱՄՆ-ն ու իր թշնամուն մոխրի վերածել:
Միացյալ ազգերի կազմակերպությունում Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչ Կիմ Ին Ռյոնն ԱՄՆ-ին մեղադրել է Կորեական թերակղզում լարված իրավիճակ ստեղծելու համար՝ նախազգուշացնելով, որ ցանկացած պահի կարող է ջերմամիջուկային պատերազմ սկսվել:
Կիմ Ին Ռյոնի նախազգուշացմանը նախորդել էր ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հայտարարությունն առ այն, որ դաշնակից Ճապոնիայի և Հարավային Կորեայի անվտանգությունն ապահովելու համար Վաշինգտոնը պատրաստ է ամեն ինչի՝ չբացառելով կանխարգելիչ հարված հասցնելու հավանականությունը: Փենսը նաև նշել էր, որ ԱՄՆ-ն ցանկանում է, որ Հյուսիսային Կորեան սառեցնի միջուկային ծրագրի զարգացումը:










