Օկլահոմայում հայ վարորդը փորձել է ավիաբազա մեծ քանակությամբ մարիխուանա անցկացնել (լուսանկարներ)
ԱՄՆ Օկլահոմա նահանգում բեռնատարի հայ վարորդ է ձերբակալվել, որը փորձել է մեծ քանակությամբ մարիխուանայով մուտք գործել «Թինքեր» ավիաբազա, հայտնում է KFOR հեռուստակայանը:
Հունիսի 15-ին օդուժի հատուկ հետաքննության բաժնին հաղորդվել է, որ բեռնատար է փորձում մտնել ավիաբազայի տարածք՝ առաքման համար: Մուտքի մոտ ավտոմեքենայի զննության ժամանակ հայտնաբերվել են 324 կիլոգրամ ընդհանուր քաշով մարիխուանայի տուփեր: Բացի այդ, առգրավվել է մարիխուանայի յուղի մի քանի հազար փոքր կոնտեյներ:
Մարիխուանան, որը քննիչների կարծիքով բերվել է Կալիֆորնիայի Փասադենա քաղաքից և պետք է հասներ Նյու Ջերսի, թաքցված է եղել ավիաբազա մատակարարվող ապրանքների մեջ:
Բեռնատարի 59-ամյա վարորդ Աշոտ Գրիգորյանը տեղափոխվել է Օկլահոմայի բանտ՝ թմրանյութերի փոխադրման և թմրանյութերի շրջանառության համար ավտոմեքենան տնօրինելու մեղադրանքով:
Ձերբակալության ժամանակ Գրիգորյանը Միսուրի նահանգում մեկ այլ հանցագործության համար փորձաշրջանի մեջ է գտնվել:














