ԱՄՆ-ում վաճառքի է հանվել Ալ Կապոնեի` բանտում գրած երգը

18:54 • 24.06.17

Ամերիկյան Մասաչուսեթս նահանգի RR Auction աճուրդում վաճառքի է հանվել հանրահայտ ամերիկացի գանգստեր Ալ Կապոնեի հեղինակած երգը, որը նա գրել էր Ալկատրաս բանտում պատիժ կրելիս:

Корреспондент-ի ներկայացմամբ` խոսքը «Յումորեսկա երգի մասին է: Այն նախատեսվում է վաճառել 20 000 դոլարով: «Յումորեսկան» տխրահռչակ բանտում Ալ Կապոնեի գրած երկու երգից մեկն է:

Ալկատրասում գտնվելիս Ալ Կապոնեն մի ամբողջ տարի խնդրել է թույլ տալ կալանավորներին երաժշտական գործիքներ նվագել։ Թույլտվություն ստանալով՝ գանգստերը ստեղծել է The Rock Islanders խումբը, որտեղ բանջո էր նվագում։ 

Աճուրդի կհանվեն նաև Ալ Կապոնեի գրպանի ժամացույցը, գանգստեր Ջոն Գոթիի գրած նամակը, ինչպես նաև Բոնի Փարքերին և Քլայդ Բերոուին պատկանող ոսկյա զարդերը։

Կազմակերպված հանցավորության ամենավառ ներկայացուցիչներից մեկը` Ալ Կապոնեն, ձերբակալվել է 1931 թվականին հարկերը չվճարելու մեղադրանքով և դատապարտվել 11 տարվա ազատազրկման։   Նա ազատության մեջ է հայտնվել 7 տարի անց, երբ կորցրել էր ազդեցությունը։ Ալ Կապոնեն իր մահկանացուն կնքել է 1947 թվականի հունվարին` 48 տարեկան հասակում։