Բելգիացի սենատորը ծաղիկներ է խոնարհել Ստեփանակերտի հուշահամալիրում և այցելել Տիգրանակերտ

11:57 • 24.06.17

Բելգիայի Սենատի անդամ Յորիս Պոշետը հունիսի 23-ին  Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանի,  ՀՅԴ Հայ Դատի  Եվրոպայի հանձնախմբի  գրասենյակի ղեկավար  Գասպար Կարապետյանի  ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ուր ծաղիկներ է  խոնարհել  և հարգանքի   տուրք մատուցել   արցախյան ազատամարտում  հայրենիքի   պաշտպանության համար զոհված քաջորդիների և   Հայրենական  մեծ   պատերազմի զոհերի հիշատակին:   

 

Նույն օրը ֆլամանդական խորհրդարանի պատգամավորը  ճանաչողական այցով եղել է  Ստեփանակերտի ականազերծում իրականացնողկազմակերպությունում և Արցախի   օդանավակայանում:  Յորիս Պոշետը շրջել է օդանավակայանի տարածքում,  ծանոթացել տեխնիկական հագեցվածությանը  և միջազգային չափանիշերին համապատասխանող  ավիասարքավորումներին:

 

Բելգիացի  սենատորը   եղել է նաեւ «Արցախ Բրենդի Կոմպանի»-ում,  շրջել   մառաններում, արտադրամասերում,  ծանոթացել  արտադրության տեսակներին: Եվրոպացի  հյուրին ներկայացրել են նաև  գործարանի հիմնադրման պատմությունը:

 

Յորիս Պոշետն  այնուհետև  այցելել է   հայոց հնագույն քաղաք Տիգրանակերտ:  Եվրոպացի հյուրը  ծանոթացել է   հնավայրին, Տիգրանակերտում  ընթացող պեղումներին, իսկ թանգարանում  լսել քաղաքի պատմությունը: 

 

Այնուհետեւ Ստեփանակերտում պատգամավորն այցելել է  «Թումո» ստեղծարար  տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ ուսում  է ստանում 12-18 տարեկան 500-1000  արցախցի երեխա:  Չթաքցնելով հիացմունքը`   Յորիս Պոշետը  նշել է, որ Արցախն ունի հիանալի երիտասարդություն և հավելել,  որ  «Թումոյի» սաների ստեղծագործ միտքն ապագայում  վստահաբար կդառնա  Արցախի տնտեսության զարգացման  բանալին:  Իսկ իր աղոթքն առ Աստված  Բելգիացի սենատորը  հղել է  Շուշիի  Սուրբ  Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում: 

 

Յորիս Պոշետի այցը հայկական երկրորդ հանրապետություն  բավականին հագեցած էր: Ֆլամանդական խորհրդարանի պատգամավորն Արցախի ու արցախցու  մասին ստացած իր տպավորություններն ամփոփել է   Ստեփանակերտում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:  Անդրադառնալով  իր  այցին`  սենատորը, չթաքցնելով հիացմունքը,  նշել է.

 

«Անցնող օրերին ես պատիվ ունեցա հանդիպելու  Արցախի Նախագահի,Ազգային ժողովի նախագահի,   պատգամավորների,  արտաքին գործերի և մշակույթի  նախարարների  հետ:   Այդ հանդիպումներն   ինձ հնարավորություն տվեցին առավել  մանրամասն ծանոթանալու  Արցախի առջև ծառացած  մարտահրավերներին:  Պետք   է ասեմ, որ անչափ  ուրախ էի  այստեղ լինելու համար և  հնարավորության  դեպքում  ապագայում անպայման նորից կայցելեմ: Հիացած եմ  ընդունելությամբ,  բնությամբ  և  համեղ ուտելիքներով»:  

 

Տեղեկացնենք, որ Բելգիայի Թագավորության ֆլամանդական խորհրդարանի անդամ  Յորիս Պոշետի այցն Արցախի Հանրապետություն կայացել է ՀՅԴ Հայ Դատի   Եվրոպայի հանձնախմբի   գրասենյակիղեկավար  Գասպար Կարապետյանի   նախաձեռնությամբ: