Միջազգային կառույցներն իրենց հայտարարություններով գուցե մեզ նախապատրաստում են ապրիլյան բլից-կրիգի նման մի երևույթի. Արզիկ Մխիթարյան
Եթե Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ միջազգային կառույցների մեկը մյուսի հետևից հնչող հայտարարությունները անկեղծ մտահոգություններ են, մենք ուրախ ենք, իսկ եթե դրանք քաղաքական խարդավանքներ են, դա մտահոգիչ է: Tert.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը:
Նշենք, որ վերջին ժամանակներում միջազգային կառույցներն ակնհայտ դրսևորում են իրենց հետաքրքրությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Նախ ԵԱՀԿ Մինսկի խումբը հասցեական հայտարարությամբ հանդես եկավ, ապա ՆԱՏՕ-ից եղավ մեկնաբանություն այն մասին, որ դաշինքի անդամներն անհանգստացած են տարածաշրջանում սպառազինության աճի մեծացմամբ, հետո ԱՄՆ պետդեպը արտահայտեց իր մտահոգությունը, իսկ այսօր էլ ՄԱԿ-ը խոսեց այն մասին, որ հարկավոր է վերսկսել բանակցությունները:
«Եթե ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի, ՄԱԿ-ի կողմից արտահայտվել են անկեղծ մտահոգություններ, և չկան քաղաքական ենթատեքստեր, ապա դա մեզ պետք է ուրախացնի, որ վերջապես աշխարհի ուշադրության կենտրոնում ենք: Բայց ես ավելի շատ վտանգ եմ զգում այս ուշադրության կապակցությամբ, քան ուրախություն»,-ասաց Արզիկ Մխիթարյանը:
ԼՂ ԱԺ պատգամավորը նկատեց, որ երկարատև լռությունից հետո Մինսկի խումբը կրկին «անատամ» հայտարարությամբ հանդես եկավ և խուսափեց կոնկրետ գնահատականներ հնչեցնելուց:
«Չգիտեմ, թե ինչով է պայմանավորված այս ակտիվացումը: Հուսանք, որ միջազգային այս կառույցների հայտարարություններն իրականում մտահոգություն են, ոչ թե քաղաքական խարդավանքներ»,- շեշտեց Ա. Մխիթարյանը:
Հարցին՝ քաղաքական ի՞նչ խարդավանքների մասին է խոսքը, պատգամավորը պատասխանեց, որ ոչինչ բացառել չի կարելի, քանի որ միջազգային այս կառույցները երկար ժամանակ լռել են, երբ հակամարտությունն ավելի թեժ փուլերում է գտնվել:
«Մենք շատ ավելի վատ վիճակում ենք եղել, ավելի թեժ պահեր են եղել, բայց ո՛չ ՄԱԿ-ը, ո՛չ ԱՄՆ պետդեպը, ո՛չ էլ ՆԱՏՕ-ն նման գնահատականներ չեն հնչեցրել: Բայց այսօր, երբ դիվերսիոն հարձակումներ են, երբ իրավիճակն իր բնույթով անհամեմատելի է ապրիլյան օրերի հետ, հանկարծ այս կառույցները մեծ մտահոգություն են հայտնում, մեծ ուշադրություն են դրսևորում: Եթե սա իսկապես անկեղծ մտահոգություն է, մենք շատ ուրախ ենք, բայց եթե կա քաղաքական ենթատեքստ, եթե մեզ նախապատրաստում են ինչ-որ երևույթի, շատ մտահոգիչ է»,- ընդգծեց ԼՂ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը:
Նա չբացառեց, որ գուցե խոսքը ապրիլյան պատերազմը կրկնելու փորձի նախազգուշացման մասին է՝ հաշվի առնելով Ադրբեջանից հնչող այն հայտարարությունները, որ կարող են կրկնել նախորդ տարվա բլից-կրիգը:
«Գուցե աշխարհը մեզ նախապատրաստում է նման մի երևույթի: Սա է մեզ մտահոգում: Բայց մեր բանակի զորությունը, մեր պատրաստվածությունը կկանխի նման երևույթները»,- ասաց Ա. Մխիթարյանը:










