Հավակնոտ, զարգացման տանող և լավ մտքերով, սակայն առանց ֆինանսական հիմնավորվածության. տնտեսագետները՝ կառավարության ծրագրի մասին (տեսանյութ)
ՀՊՏՀ դոցենտ, տնտեսագետ-փորձագետ Ատոմ Մարգարյանը և տ.գ.թ. դոցենտ, տնտեսագետ-փորձագետ Վիլեն Խաչատրյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադարձան վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրին՝ համեմատելով նախորդ ծրագրի հետ:
Ատոմ Մարգարյանը նշեց, որ ներկայիս ծրագիրը նախորդ վարչապետի ծրագրի ընդլայնումն է՝ ընդգրկելով երկարաժամկետ շրջան: «Ի տարբերություն նախորդ բոլոր ծրագրերի այս ծրագիրը մշակել է որոշակի ռազմավարական օրակարգի շրջանակներում, խոսքը վեցերորդ գումարման ԱԺ-ի բացման նիստին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի մասին է»,- ասաց նա և նշեց, որ ծրագրի հիմքում կա նաև ՀՀԿ-ի և ՀՅԴ-իմ նախընտրական ծրագրի դրույթները:
«Սա վարչապետի նախորդ ծրագրի էվոլյուցիան է, այսինքն՝ շարունակությունն է: Ես այս ծրագիրը համարում եմ կայունացման քաղաքականությունից զարգացման քաղաքականություն տանող: Ծրագիրը հավակնոտ, ամբիցիոզ է և կարծում եմ, որ ցանկացած ծրագիր պետք է լինի այդպիսին, հակառակ դեպքում ավելի շատ կքննադատվի: Կառավարության ծրագիրը բիզնես ծրագիր չէ, այլ քաղաքականության փաստաթուղթ է»,-ասաց նա:
Ատոմ Մարգարյանը ներկայացրեց կառավարության ծրագրի թիրախները՝ ՀՆԱ-ի 5 տկոսանոց աճ, նվազագույն աշխատավարձի բարձրացում, աղքատության մակարդակի իջեցում՝ 12 կետով և նշեց, որ 5 տոկոսանոց աճն իրատեսական է և նույնիսկ ռիսկային՝ հաշվի առնելով նախորդ տարվա ցուցանիշը, քանի որ գտնում է, որ տնտեսությունը լճացած վիճակում է:
Վիլեն Խաչատրյանն ասաց, որ հաշվի առնելով ծրագրում նախատեսված հինգ տոկոսանոց աճը, հաշվարկները ցույց են տալիս, որ 2022 թվականին ունենալու ենք 14 միլիարդ դոլարանոց ՀՆԱ, իսկ 40-45 տոկոսանոց արտահանման աճի դեպքում՝ 2022 թվականին 6,3 միլիարդ դոլար արտահանում ենք ունենալու, ինչը կասկած է հարուցում:
«Ինձ մտահոգում են ոչ թե ներդրումները, այլ զուտ ներդրումները: Զուտ ներդրումները 2017 թվականին բացասական է և նախորդ տարվա համեմատ 9 միլիարդ դրամից ավել կրճատվել է, ինչը փաստում է այն մասին, որ գրեթե ներդրում չի արվել, որը նոր արդյունք է տալու»,- ասաց նա և նկատեց, որ ծրագրում կար շատ տեղեկատվական տեխնոլոգիաներին ուղղված շեշտադրումներ, ինչը դրական է համարում:
Նա նշեց, որ դիտարկելով ծրագրի թվային ցուցանիշները, կարելի է ասել, որ կառավարությունը թվային ցուցանիշների առումով կարծես պատասխանատվություն չի ցանկանում վերցնել:
«Կառավարության ծրագրի մեջ բացակայում է սցենարային մոտեցումների տարբերակը: Ծրագրում կան լավ մտքեր գաղափարներ, սակայն իրագործելիության ֆինանսական հիմնավորվածության բաղադրիչը բացակայում է»,- ասաց նա:










