ԱՄՆ-ում ոստիկանը կրակել է իր սևամորթ գործընկերոջ վրա՝ նրան հանցագործի հետ շփոթելով

11:29 • 24.06.17

Ամերիկյան Սենթ Լյուիս քաղաքում ոստիկանը կրակել է իր սևամորթ գործընկերոջ վրա՝ նրան հանցագործի հետ շփոթելով, գրում է «Ասոշիեյթիդ պրես» գործակալությունը։


Գործակալության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել լույս հունիսի 21-ին։ Սևամորթ ոստիկանը գործից դուրս է եղել, երբ իր տան մոտ կրակոցներ է լսել։


Նա դուրս է վազել և գնացել այն վայր, որտեղ փորձել են բռնել երեք սևամորթ կասկածյալներին, սակայն դեպքի վայր ժամանած ոստիկաններից մեկը նրան շփոթել է հանցագործի հետ ու կրակել նրա ձեռքին։


Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց և որոշ ժամանակ անց դուրս գրվել։ Նշվում է, որ տուժած ոստիկանը ծառայության մեջ է գտնվում 11 տարի, նրան կրակող գործընկերը՝ 8 տարի։


Երեք կասկածյալներից երկուսը ձերբակալվել են։