ՊՆ ավտոմեքենայի վթարի հետևանքով 14 տուժած զինծառայողներից 8-ը տեղափոխվել են Երևան, 2-ի վիճակը միջինից ծանր է
Հունիսի 24-ին, ժամը 08:31-ին Մ-14 ավտոճանապարհի Վարդենիս-Շորժա հատվածի 25-րդ կմ-ին ՊՆ պետպետհամարանիշներով մեքենայի կողաշրջման հետևանքով տուժած 14 զինծառայող ուղևորներից 8-ը տեղափոխվել են Երևան, որտեղ անցնում են ստուգումներ, այս մասին տեղեկացում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովաննիսյանը:
Ութ զինծառայողից երկուսի վիճակը միջինից ծանր է, մեկը ունի կոտրվածքներ։ Մյուսների վիճակը բավարար է։
Հիշեցնենք, որ ՊՆ զինծառայողները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վարդենիսի զինվորական հոսպիտալ, որտեղ բժիշկները 7 տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուս 7-ինը՝ միջին ծանրության:
ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյան էլ Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրել էր, որ այս պահին իրեն զեկուցած տեղեկությունները 2 զինծառայողի մասին են:
«Անուն ազգանունները դեռևս չեն ասել, բայց մեկն ունի սրունքի կոտրվածք: Մյուսը, որին ցանկանում են տեղափոխել Երևան, ստացել է կրծքավանդակի ողերի կոտրվածք»,-ասել էր նա:
Հարցին՝ կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներ են, Կամավոր Խաչատրյանը պատասխանել էր, թե իրեն զեկուցածով՝ ոչ, սակայն նկատել էր, որ պատասխանը վերջնական կլինի, երբ Երևան տեղափոխեն ու համապատասխան ստուգումներ անցնեն:










