Սաուդյան Արաբիայում ուժայինները կանխել են գլխավոր սրբավայրի վրա հարձակումը

09:57 • 24.06.17

Սաուդյան Արաբիայում հատուկ ծառայություններն ուրբաթ կանխել են Մեքքայում Ալ-Հարամ մզկիթի՝ իսլամական աշխարհի գլխավոր սրբավայրի վրա ահաբեկչական հարձակումը: Մահապարտի չեզոքացման գործողության ընթացքում վիրավորվել է հինգ իրավապահ և վեց օտարերկրացի, հայտնում է Al Arabiya-ն: Անվտանգության ուժերը ձերբակալել են հինգ մարդու, ներառյալ՝ մի կնոջ:


Միջադեպը տեղի է ունեցել իսլամի գլխավոր երկու տոներից մեկի՝ Էյդ ալ-Ֆիտրից մեկ օր առաջ, որը նշանավորում է Ռամադանի սուրբ ամսվա ավարտը:


Ինչպես հայտնել են թագավորության ՆԳՆ-ում, ահաբեկիչները հայտնաբերվել են երեք վայրում՝ Ջիդդայում և Մեքքայի Ալ-Ասիլյա և Աջիյադ թաղամասերում. երկրորդ թաղամասը գտնվում է Ալ-Հարամ մզկիթի հարևանությամբ:


«Անվտանգության ուժերը տապալել են Ալ-Հարամ մզկիթի և հավատացյալների անվտանգության դեմ նախապատրաստվող ահաբեկչական հարձակումը»,- ասված է ՆԳՆ-ի հայտարարությունում:


Հարձակումն իրականացնել պատրաստվող անձը հայտնաբերվել է Աջիյադում եռահարկ տանը, բայց կրակ է բացել ուժայինների ուղղությամբ, իսկ այնուհետ գործի է դրել պայթուցիկ սարքը: